«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Էրեբունուց ռեյտինգային կարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց եւ պարտվելուց հետո «Վենեցիայի եղբայրներից» Ասատուր Սահակյանը (անձնագրով՝ Ասատուր, շրջապատում՝ Արթուր) վերադարձել է հին պաշտոնին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետ։ Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր 2008-ից, 2017թ․ փետրվարին ազատվեց աշխատանքից՝ ՀՀԿ ցուցակով առաջադրվելով թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) եւ հավաքելով 1726 ձայն։ ՀՀԿ-ի քարոզչական կայքում՝ lovearmenia-ում, տեղադրված կենսագրությունից տեղեկանում ենք, որ Ասատուր Սահակյանը 2017թ․ փետրվարից առայսօր «Գազպրոմ-Արմենիա» ՊՓԲԸ տնօրենի խորհրդական է, սակայն նրա անունը «Գազպրոմի» կայքում չկա։

Փոխարենը՝ ՀՀԿ-ական թեկնածուի անունը գտանք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում։ Պարզվում է՝ նա վերադարձել է հին պաշտոնին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետ, անգամ մի համեստ հայտարարագիր է ներկայացրել, որին եթե հավատանք, ապա Սահակյանն ընդամենը 2 մեքենա ունի՝ TOYOTA LC150 4.0 GAS FABRIC եւ MERCEDES-BENZ S550L, եւ մոտ 2 մլն․ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Հիշեցնենք, որ Ասատուրը եւ եղբայրը` Արտյոմը, Էրեբունի համայնքում «Վենեցիա» հյուրանոցային համալիրի եւ Մոնումենտում համանուն ռեստորանի տերերն են:

Ի դեպ, հանուն ընտրությունների ՊԵԿ-ից դուրս էր եկել, իսկ որոշ ժամանակ անց նախկին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնին էր վերադարձել նաեւ գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, ով ինքնակամ հրաժարվել էր մանդատից։ Մինչ ՊԵԿ վերադարձը նա մի քանի ամիս վարչապետի խորհրդականն էր»։

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում