Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը երեկ հանդիպել է ԱՄՆ-ից Հայաստան եկած՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: 

Խոսելով հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ ԼՈւՐԵՐ.com-ին Պետրոս Մակեյանը հայտնեց, որ երեկ կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մեր երկրի ներքաղաքական իրավիճակին՝ մասնավորապես՝ տարկետման իրավունքի վերացման շուրջ ստեղծված աղմուկին. «Իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներն այս հարցում համընկնում են. նա կիսում է նաև Ժիրայր Սեֆիլյանի կոչով Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգելու մեր մոտեցումները: Այնպես որ, Հովհաննիսյանն իր ծրագրերի մասին անձամբ կհայտարարի»:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ինքը և Րաֆֆի Հովհաննիսյանը միանան դասադուլ անող ուսանողներին՝ փորձելով այս շարժումը ղեկավարել, Մակեյանը պատասխանեց. «Երեկվա հանդիպման ընթացքում նման հարց չի քննարկվել, թեև որևէ բան չի բացառվում»:  

Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը նաև հավելեց, որ կիսում է ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող երիտասարդների տեսակետը՝ այս շարժումն ու երիտասարդների դիմադրությունը որակելով մի փոքր ուշացած. «Երիտասարդները շատ վաղուց պետք է ոտքի կանգնեին: Չնայած իշխանությունները հայտարարում են, որ այս օրենքով, իբրև թե, սոցիալական արդարության հարց են լուծում, սակայն դա իրականության հետ որևէ աղերս չունի: Շատ փող ունեցող մեր պաշտոնյաները, մեկ է, տարբերակ կգտնեն, որ իրենց որդիներն ու հարազատները չծառայեն, այնպես որ՝ այս օրենքի նախագիծն անիմաստ է և ոչ նպատակային»,-ընդգծեց Մակեյանը՝ հավելելով, որ մոտ օրերս տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողական շարժման մասին իր տեսակետը կհայտնի նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը: 

Հիշեցնենք, որ օրերս Ժիրայր Սեֆիլայնը հարցազրույց էր տվել՝ նշելով, որ ամեն ժամանակ՝ ունի պայքարի համապատասխան մեթոդ և մարտավարություն։ Պայքարը կազմակերպող խումբը պարտավոր է նկատի ունենալ նախորդ փորձն ու սխալները, և որդեգրել տվյալ ժամանակին համահունչ մեթոդ և մարտավարություն՝ ընդգծելով Ազգային դիմադրության ճակատի ու ընդվզման տարբերակների մասին իր մոտեցումները:

Աղավնի Սուքիասյան