ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Սուսաննա Տոնոյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշում է ստորագրել, որում մասնավորապես, ասվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի N 436-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի «ա» ենթակետը՝ Սուսաննա Ազատի Տոնոյանի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2012 թվականի հուլիսի 4-ին կնքված N 41 ժամկետային աշխատանքային պայմանագիրը 2017 թվականի նոյեմբերի 9-ից համարել լուծված»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ նրա փոխարեն նույն վարչության պետ է նշանակվել Զոյա Բարսեղյանը:

Կառավարության ղեկավարի այս որոշումից հետո Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սուսաննա Տոնոյանը սա անարդարություն որակեց՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ. ուզում եմ տեղեկացնել որ ես այլևս կառավարությունում չեմ աշխատում։ Պարզվում է` ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում իմ զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ, կա հաղթող անձ»:

Նշենք, որ Սուսանն Տոնոյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից, երբ վարչապետ էր Տիգրան Սարգսյանը: Սուսաննա Տոնոյանի՝ ֆիզարձակուրդ գնալուց հետո տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար էր նշանակվել Հռիփսիմե Առաքելյանը: Իսկ բոլորովին վերջերս այդ պաշտոնում նշանակվեց Զոյա Բարսեղյանը, ով համարվում է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կադրը: