Արդեն տեղեկացրել ենք, որ Սահմանադրական դատարանն այսօր հակասահմանադրական ճանաչեց ՏԻՄ օրենքի այն դրույթը, որի վրա հիմնվելով՝ Վանաձորի ավագանին նիստեր է գումարել և որոշումներ կայացրել:

ՍԴ-ն Ազգային ժողովի համար սահմանեց վերջնաժամկետ մինչև 2018 թ.-ի մարտ ամիսը՝ ՏԻՄ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ  ավագանին կշարունակի աշխատել նույն կերպ, ինչպես նախկինում. «Մենք կաշխատենք այնքան ժամանակ, մինչև Ազգային ժողովը համապատասխան կարգավորումներ կատարի ՏԻՄ օրենքում, որը ճանաչվեց հակասահմանադրական: Օրենքի մեջ փոփոխություններ կատարվելուց հետո էլ կորոշենք մեր հետագա անելիքները»:

Դիտարկմանը՝ Վանաձորը կանգնած է, փաստորեն, նորից քաղաքապետ և ավագանի ընտրելու խնդրի առաջ, Ասլանյանը պատասխանեց. «Մենք արել ենք այնպես, որ օրենքի առաջ ոչ մի խնդիր չունենանք, սպասենք՝ տեսնենք, օրենքն ինչպես կփոխվի»: 

Հավելենք, որ վիճարկվող ՏԻՄ օրենքի մի հոդվածում նշվում է, որ ավագանու նիստն իրավազոր է, երբ նիստին մասնակցում է ավագանու անդամների կեսից ավելին, իսկ 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն էլ՝ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: 4-րդ կետն էլ արձանագրում է, որ ավագանու որոշումներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով:

Բողոքող կողմը նշում է, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փոքրամասնությամբ նիստեր է անցկացնում, իսկ Ասլանյանը պնդում է՝ մեկ քառորդը կազմում է 9 ձայն, հետևաբար իրենց անցկացրած նիստերն  իրավազոր են:

Աղավնի Սուքիասյան