Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է' արցախյան հիմնահարցը որևէ կապ չունի ոչ կատալոնական, ոչ Ղրիմի, ոչ էլ Հարավային Օսիայի խնդիրների հետ: Ազգային ժողովում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ արցախյան հիմնահարցը բոլորովին այլ խնդիր է: «Հայկական կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետությունները: Եթե ոմանք կարծում են, որ Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն ոչ Լատվիայի, ոչ Լիտվայի, ոչ էլ Էստոնիայի անկախությունները: Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում: Նրանք Եվրոպական Միության անդամներ են: Նրանք ԽՍՀՄ-ից անօրինական են անջատվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Արցախում անցկացված սահմանադրական բարեփոխումները, այլընտրանքային ընտրությունների առկայությունը, ՏԻՄ-երի կայացվածությունը և ակտիվ քաղհասարակության առկայությունը շատ կարևոր ցուցանիշներ են առ այն, որ Արցախը համարվում է տարածաշրջանային ժողովրդավարության օազիսներից մեկը: «Արցախի և Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները լրիվ անհամեմատելի են: Եթե Ադրբեջանում գնում են դեպի խորը տոտալիտարիզմ, ապա Արցախում գնում են դեպի ժողովրդավարություն: Մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի հնարավորինս շատ արտասահմանցի գործընկերներ այցելեն Արցախ: Բոլոր այն գործընկերները, որ այցելել են Արցախ և հանդիպել արցախցի ժողովրդի, քաղաքական ուժերի հետ, հիացած վերադարձել են իրենց երկրներ: Մարդիկ հասկացել են, որ Արցախում կա 150 հազար ազատության մարտիկ: Մարդիկ հասկացել են, որ Արցախի պայքարը ոչ թե Ադրբեջանի դեմ է, այլ հանուն ազատության և անկախության»,- ընդգծեց Շարմազանովը:

Նրա խոսքով' Արցախի հարցն այն հարցն է, որտեղ ՀՀ ազգային ժողովում կուսակցական պատկանելությունն առաջնային չէ: «Մեր բոլոր կուսակցական գործընկերները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, Արցախի հարցում ունեն նման դիրքորոշում: Արցախի անկախությանն այլընտրանք չկա, դուխով, հավեսով, միասին»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: