Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը տպավորված է Մայր տաճարով և այն մարդկանց հետ շփումներով, ովքեր պահպանում են քրիստոնեական արժեքները: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր այցի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահ Դոդոնը: «Ինձ համար որպես ուղղափառ քրիստոնյայի և մի երկրի ղեկավարի, որտեղ բնակչության ավելի քան 98 տոկոսը ուղղափառ քրիստոնյաներ են, շատ կարևոր էր քրիստոնեության բնօրրանում լինելը: Քրիստոնեությունն հայտնվել է այս հողում ավելի շուտ, քան այլ երկրներում: Ոգեշնչում են սուրբ վայրերը, 4-րդ դարի այս տաճարը, որտեղ մենք գտնվում ենք, ու մարդկանց հետ շփումները, ովքեր պահպանում են այս արժեքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Իգոր Դոդոնը:

Նա ցանկացավ աշխարհասփյուռ հայերին հավատ, լավատեսություն ու նշեց, որ վստահ է' ամեն ինչ կստացվի թե հայ ազգի, թե մոլդովացիների մոտ:
Մոդովայի նախագահին Էջմիածնում դիմավորեց ու Հայ Առաքելական եկեղեցու ժառանգությանը ծանոթացրեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պետ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Բարձրաստիճան հյուրն իր տիկնոջ և մյուս ուղեկցողների հետ շրջեց Ալեք և Մարի Մանուկյանների Գանձատուն-թանգարանում, եղավ Մայր տաճարի թանգարանում, որտեղ նախագահին ցույց տվեցին հատկապես Սուրբ Գեղարդը, որով խոցել են Քրիստոսին, այցն ավարտեց մոմավառությամբ:

Մայր Աթոռից նախագահ Դոդոնը հեռացավ «Գանձեր սուրբ Էջմիածնի» և հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների պատկերագրքերով: