Տարկետման իրավունքը սահմանափակող՝ ՊՆ նոր օրինագծի դեմ ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է: Դասադուլավորներն այս պահին Ազգային ժողովի դիմաց են՝ իրենց ձայնն այստեղ ևս լսելի դարձնելու համար:

Նշենք, որ այսօր, ժամը 18:00-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Հարցի առնչությամբ հիմնական զեկուցողը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, հարակից զեկուցողը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:  Օրենքի նախագիծը նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ին ներկայացնել երեքշաբթի մեկնարկող քառօրյայում:

Հավելենք՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը բովանդակային առաջարկություններ է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Հենվելով օրենքի նախագծի հիմնական գաղափարախոսության վրա` այն է սոցիալական արդարություն, հավասարություն, հնարավորությունների ընձեռում, առաջարկում ենք անմիջապես օրենքի նախագծում բակալավրի կրթական աստիճանում ընդունելության համար սահմանել չափորոշիչներ տաղանդաշատ աշակերտներին տարկետում տրամադրելու համար։ Բակալավրի կրթական աստիճանում, հաշվի առնելով պետության պահանջարկը, որը պիտի ձևավորվի իրական հետազոտությունների հիման վրա, տրամադրել սահմանափակ քանակությամբ տարկետման տվող տեղեր։

2. Հաշվի առնելով Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի առկայությունը` հետաձգել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումը, և 2 օրենքների նախագծերը միմյանց հետ համահունչ դարձնել։

3. Հաշվի առնելով, որ բակալավրի կրթական աստիճանում և մագիստրոսի կրթական աստիճանում արդեն սովորողների մոտ առկա է լեգիտիմ ակնկալիք հետագա աստիճաններում տարկետում ստանալու հետ կապված, ապահովվել նախկին տարիներով ձևավորված տարկետման տեղերը:

4. Այս պահին ասպիրանտական կրթությամբ սովորողներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (անկախ այն հանգամանքից, որ վերջիններս 27տարին չի լրացել) չզորականչել ՀՀ ԶՈւ, քանի որ վերջիններս արդեն իսկ գիտական արդյունք ստեղծողներ են: