Հոկտեմբերի 31-ին ավագանու նիստում հաստատվեց Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը: Հիմնախնդիրները ներկայացված են բավականին լայնածավալ և մանրակրկիտ, դրանց լուծումները, սակայն,  բաժակաճառերի և բարի ցանկությունների տիրույթում են:
 
Հնգամյա ծրագրի մի շարք կետեր արժանի են, որպեսզի նրանց վրա ավելի երկար կանգ առնենք: Մասնավորապես, քաղաքապետարանն իր առջև խնդիր է դրել ապահովել զբոսաշրջության զարգացմանը խթանող քաղաքականության իրականացման շարունակականությունը: Միանգամից նշենք, որ նոր և արդյունավետ մոտեցում չի ցուցաբերվել այս հարցում. ներկայացված են այն նույն հիմնախնդիրները, որոնք առկա էին նախորդ հնգամյա ծրագրում՝ հետևաբար, կարելի է ենթադրել, որ դրանք չեն գտել իրենց լուծումը: Այս անգամ էլ քաղաքապետարանի կողմից առաջարկված լուծումների մեջ դժվար է առանձնացնել առնվազն մեկ նոր մտահղացում: Ենթադրվում է անցկացնել Էրեբունի-Երևան փառատոնը, Երևան Տարազ ֆեստը, Համով-հոտով Երևան փառատոնը և այլն: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այս միջոցառումների անցկացումը ենթադրում է արդեն իսկ Երևանում գտնվող զբոսաշրջիկների ժամանցի կազմակերպում, քանի որ դժվար է պատկերացնել մի եվրոպացու, ով հանուն Երևան Տարազ Ֆեստի կժամանի Հայաստանի մայրաքաղաք, ինչպես նաև դժվար կլինի գտնել մի օտարերկրացու, ով նախապես տեղյակ կլինի քաղաքապետարանի այս անչափ հետաքրքիր նախաձեռնությունների մասին և կշտապի մասնակցել՝ բավական լուրջ գումարներ ծախսելով: Իսկ թեմատիկ տոնավաճառները, որոնք մի քանի տարի շարունակ կազմակերպվում են՝ անգամ երևանաբնակների ուշադրությանը չեն արժանանում: Գուցե այս ծրագրերն օգնեն զբոսաշրջիկներին մեկ-երկու օր Երևանում ավել պահել, ինչից կշահեն հյուրանոցներն ու տաքսու վարորդները, բայց միանշանակ է, որ զբոսաշրջության զարգացման համար այս ամենը բավարար չէ:
 
Հաջորդը՝ քաղաքապետարանի հնգամյա ծրագիրը ենթադրում է մայրաքաղաքի արտաքին ձևավորման և շենքերի արտաքին տեսքի կարգավորման շարունակական ծրագրերի իրականացման ապահովում: Որպես խնդրի լուծում՝ առաջարկվում է հետևյալը՝ կիրականացվեն դրոշակազարդման աշխատանքներ օտարերկրյա պատվիրարկությունների պետական և պաշտոնական այցերի ժամանակ, նախատեսվում է նոր լանդշաֆտային էսքիզների ձևավորում, այդ թվում՝ նոր տիպի ծաղկամանների, բազրիքների, խոտածածկերի և ծառերի համար նախատեսված մետաղյա ցանկապատերի տեղադրում և այլն: Ոչ մի խոսք՝ անճաշակ գովազդային պաստառների վերացման անհրաժեշտության մասին: Արտաքին ձևավորումը և գովազդը քաղաքի հագուստն են, երևանցիների մեծ մասը միակարծիք են՝ ներկայիս Երևանն անչափ անճաշակ է հագնված: Վերջին շրջանում բազմաթիվ հրապարակումներ եղան՝ կապված Երևան քաղաքում ապօրինի տեղադրված գովազդային միջոցի հայտնաբերման մասին: Խոսքը գնում է նաև «Սիգարոն» ընկերության կողմից թույլ տված օրենքի խախտման մասին: Քաղաքապետարանի ծրագրում, օրինակ, ներկայացված չէ, թե ինչպես, ինչ մեխանիզմներով են կանխվելու նման դեպքերի կրկնությունները ապագայում:  Ինչպես երևում է՝ սահմանափակվելու ենք նոր ծաղկամաններով և նոր դիզայնի լանդշաֆտ վայելելով… Ուշագրավ է նաև այն, թե ինչ է նախանշում քաղաքապետարանը՝ Երևանի կառուցապատման հարցում: Ծրագրից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի թիվ մեկ խնդիրը լինելու է Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման կարգավորման համար օրենքով նախատեսվելիք անհրաժեշտ իրավական և նախագծային փաստաթղթերի մշակումը: Այսինքն՝ կառուցապատումն այդպես էլ Երևանի ծայրամասեր չի հասնի, մինչդեռ՝ դրանով ոչ միայն կթեթևանար կառուցապատման ծանրաբեռնվածությունը, այլև կապահովվեր քաղաքի համաչափ զարգացումը: Քաղաքապետարանի հնգամյա ծրագրում մի քանի ընդհանրական կետով են ներկայացվում նաև Երևանի քաղցկեղը համարվող տրանսպորտի հիմնահարցի լուծումները: Սակայն բացակայում է կարևորագույն հարցի պատասխանը՝ ինչպես է լուծվելու մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդիրը: Արդյո՞ք դա քաղաքապետարանի առաջնայնությունների մեջ չի մտնում: Կամ ինչո՞ւ ծրագրում հստակ սահմանված չեն նոր երթուղային ցանցին անցնելու ժամկետները. դա իր հերթին՝ խուսանավելու տեղ է տալու քաղաքային իշխանություններին՝ Երևանի համար այս կարևոր հարցի լուծումը կրկին հետաձգելու համար:
 
Այս ամենը խոսում է այն մասին, որ քաղաքապետարանն, ի տարբերություն սեփական շենքը բարեկարգելուն (հիշեցնենք, որ վերջերս քաղաքապետարանը 79 միլիոն դրամ է հատկացրել նոր վերելակի համար), Երևանի բարեկարգմամբ այնքան էլ մտահոգ չէ, ասվածի վառ վկայությունն է՝ դպրոցական շարադրության մակարդակի բարի ցանկությունների մատյան հիշեցնող հնգամյա ծրագիրը...
 
 
Ստելլա Խաչատրյան