Երեկ՝ նոյեմբերի 12-ին ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բարեկամավանի համայնքապետ Ջոնի Միքայելյանը:

Նա նշեց՝ բարեբախտաբար նյութական և մարդկային կորուստներ չկան. «Մոտ երկու ժամ տևողությամբ անկանոն կրակոցներ են եղել։ Գյուղն աննշան վնասներ է կրել: Տների պատերն են վնասվել, բայց բնակիչները որևէ վնաս չեն կրել: Կրակել են դպրոցի ուղղությամբ, պատուհաններից մեկն է կոտրվել:

Համագյուղացիներից մեկը դրսում է եղել, գնդակը նրա գլխի կողքով անցել է, բայց, բարեբախտաբար, չի վնասել»,–ասաց Միքայելյանը։

Համայնքապետի խոսքով՝ այս պահին գյուղում խաղաղ է, մարդիկ խուճապի չեն մատնվել. արդեն սովորել են: Աշակերտները սովորականի պես այցելել են դպրոց։

Նրա վկայությամբ` ադրբեջանական զինուժը կրակել է խոշոր տրամաչափի՝ «ԴՇԿ» և «ՊԿ» տիպի գնդացիրներից: