Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝  երկու չափահասի և մեկ անչափահասի, ովքեր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով առանձնատուն են կողոպտել: Ձերբակալվածներից երկուսը հայ են՝ 20-ամյա Գագիկ Սարգսյանն ու 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանը: Մյուս ձերբակալվածի՝ անչափահասի անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ նա 17 տարեկան է:

Ձերբակալվածների մեքենայից դիմակներից բացի, հայտնաբերել են նաև հրազեն, տուժողի տանից թալանված թանկարժեք զարդեր և բանկային քարտեր:

Քննիչները հրապարակել են օգտագործված դիմակների լուսանկարները, որպեսզի նախկինում դրանցով արված այլ հանցագործությունների առկայության պարագայում դրանք ևս բացահայտվեն:

Գագիկ Սարգսյանն ու Նարեկ Մարտիրոսյանը ձերբակալվել են և տարվել բանտ, իսկ 17-ամյա տղան տեղափոխվել է անչափահասների համար նախատեսված կալանավայր: Բոլոր երեք տղամարդիկ էլ Գլենդելի բնակիչներ են: