ԱԺ շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են անցկացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառի առևտրականները: Նրանք պահանջում են փոփոխություն մտցնել Հարկային օրենսգրքում և իրենց ազատել ավելորդ թղթաբանությունից, որը նաև ավելացնելու է իրենց հարկային բեռը: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ՝ «Սուրմալու» և «Առինջ Մոլ» տոնավաճառների առևտրականները ցույցեր էին անցկացնում կառավարության շենքի առջև։ Նրանք հայտարարում էին, որ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել տոնավաճառներում և «հարկային տեռորի» է ենթարկում իրենց։ Մինչդեռ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ բողոքն ուղղորդված է, և կոմիտեն վճռականորեն «գնալու է մինչև վերջ»:
 
Տոնավաճառների առևտրականների բողոքը Հայաստանում պարբերաբար բռնկվող հասարակական-քաղաքական կայծերից մեկն է, որը կարծես թե ակտիվանում է հերթական անգամ: Հրապարակի վրա դարձյալ տեղի է ունենում ՊԵԿ-տոնավաճառներ բախում, որը ներկայում հնարավոր է գնահատել բախում՝ կառավարության և Գագիկ Ծառուկյանի միջև՝ հաշվի առնելով այն, որ ՊԵԿ ղեկավարը վարչապետ Կարեն Կարապետյանի վստահելի անձանցից մեկն է, իսկ տոնավաճառների աշխատակիցների շարքում, այսպես ասած, ակտիվ և գեներացնող դեր ունեն Գագիկ Ծառուկյանին պատկանող տոնավաճառի աշխատակիցները: Առանցքայինն այն է, թե տվյալ պարագայում որն է բուն շարժառիթը՝ տնտեսական հարցեր լուծե՞լը, որոնց դեպքում տնտեսական շահը պաշտպանելու համար գործի է դրվում քաղաքական գործիքակազմը, թե՞ հակառակը՝ քաղաքական շահերը սպասարկելու համար գործածվում է, այսպես ասած, տնտեսական քաղաքականությունը: Դրան հակազդելու համար Ծառուկյանը փորձում է գործի դնել հանրային բողոքի քաղաքական լծակը և պաշտպանել իր շա՞հը, թե՞ Կարեն Կարապետյանն իր քաղաքական դիրքերն ամրացնելու համար փորձում է հարվածել Գագիկ Ծառուկյանին, որը ՀՀԿ մեծամասնության և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի, այսպես ասած, անվտանգության բարձիկն ու բուֆերն է, և Սարգսյանի դիրքերը թուլացնելու համար նախ պետք է հանել մեջտեղից այդ բարձիկը: Ծառուկյանի դաշինքն արդեն տեւական ժամանակ է՝ սկսել է կոշտացնել իր հռետորաբանությունը կառավարության քաղաքականության հանդեպ, սակայն այսօր խորհրդարանական քննադատությունն, իր կոշտությամբ, եղել է աննախադեպ: Արդյո՞ք դա պայմանավորված է Ծառուկյանի հանդեպ ՊԵԿ գործողությունների աննախադեպ կոշտացումով, թե՞ այստեղ կա ավելի լայն ներքաղաքական տողատակ: Ծառուկյանն, ըստ երեւույթին, արձանագրում է իր հետ պայմանավորվածությունների խախտում:
 
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ՝ ՊԵԿ-ը միանգամից լայնածավալ ստուգումներ իրականացրեց Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Շատերը Գագիկ Ծառուկյանի գրասենյակներում ՊԵԿ զանգվածային ստուգումները համարեցին վարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանը՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքից իր հասցեին հնչող սուր քննադատություններին: Թեև ՊԵԿ-ը ջանում է  նվազագույնի հասցնել  ծավալած ստուգումների հնարավոր քաղաքական ենթատեքստը , այնպիսի տպավորություն է, որ քաղաքական դեժավյուի ենք ականատես լինում: Նմանատիպ իրավիճակ էր նաև 2015 թվականի փետրվարյան դեպքերից հետո, սակայն հարկային մարմինների ծավալած ստուգումների արդյունքում՝ Ծառուկյանին պատկանող ընկերություններում այդպես էլ խախտումներ չհայտնաբերվեցին: 
 
 
Ստելլա Խաչատրյան