Այսօր Ազգային ժողովում շարունակվում են «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի նախագծում երկրորդ ընթերցմամբ փոփոխությունների քննարկումը, որին ներկա չէր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անհասկանալի որակեց նախարարի բացակայությունը՝ նշելով. «Պաշտպանության նախարարի բացակայությունը անհասկանալի է, մանավանդ՝ առաջին ընթերցման ժամանակ, թույլ տվեք ասել, նրա ցինիկ եզրափակիչ խոսքից հետո»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ ով ընդունում է, որ Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար է, ուրեմն իրավիճակը լավ չի պատկերացնում, քանի որ Վիգեն Սարգսյանն այսօր էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է, պարզապես աշխատում է Պնախարարի կաբինետում:

Փաշինյանն անդրադարձավ նաև Վիգեն Սարգսյանի հայտարարած «Ազգ-բանակ» հայեցակարգին՝ ասելով. «Այստեղ հեղինակային իրավունքի խնդիր կա ու դրոշակ սարքած՝ ման է գալիս: Ես առաջին անգամ այդ մասին լսել եմ «Նախախորհրդարանից»՝ Ժիրայր Սեֆիլյանի գրասենյակում»,-ասաց Փաշինյանը: 

Պատգամավորի դիտարկմանն անդրադարձավ քննարկմանը մասնակից՝ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Դա քննադատություն չէ, դա ցինիզմի դրսևորման հերթական օրինակ է»,- հայտարարեց Արտակ Զաքարյանը: 

Հարցին՝ պատգամավոր Փաշինյանը հայտարարում է, որ բաց է մնում Վիգեն Սարգսյանի ծառայության հետ կապված հարցը, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Լրագրողներն իրավունք ունեն դիմելու և պաշտոնապես ստանալու այդ հարցի պատասխանը»: