Այն, որ 2018-ի ՀՀ բյուջեն բացառիկ ապասոցիալական, իսկ ավելի ճիշտ` հակասոցիալական բնույթ էր կրելու, հայտնի դարձավ դեռևս ԱԺ-ում ընթացող նախնական լսումների փուլում: Այլևս բոլորին պարզ էր, որ պետությանը խոշոր հաշվով այլևս չի հուզում իր շարքային քաղաքացիների սոցիալական վիճակը. «Եղունգ ունես` գլո՛ւխդ քորիր»` ահա 2018-ի բյուջեն բնութագրող լավագույն բանաձևը:

Ինչպես հայտնի է, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ԱԺ քննարկմանն էր ներկայացվել առաջին ընթերցմամբ. ինիցատորի դերում հանդես էր եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ճիշտ է` Ասատրյանը վստահեցրել էր, թե իբր նախագիծը նպատակ ունի ապահովել մանկահասակ երեխա ունեցող մայրերի՝ հնարավորինս շուտ աշխատանքի վերադառնալու հնարավորությունը, սակայն, երբ մի փոքր խորամուխ ես լինում, հասկանում ես, որ փոփոխությունը բնավ էլ հայ մայրերի մեծամասնության շահերից չի բխում: Ըստ այդմ` առաջարկվում է մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող և աշխատող մայրերին զրկել 18000 դրամ նպաստից: Սրա փոխարեն նրանք կվարձեն դայակ, որի աշխատավարձի մինչև 50%-ը, որը չպետք է գերազանցի 55000 դրամը, կվճարի պետությունը: Ասում են` իրականում օրենքը նպատակ ունի դայակներին նույնպես բերել հարկային դաշտ:

Եվ ուրեմն` ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն,որ պետությունը փաստացի ձեռնունայն է թողնելու մայրերին` կանգնեցնելով նրանց ոչ շահավետ երկընտրանքի առաջ: Պետք է ընտրեն` կա՛մ առհասարակ հրաժարվում են պետության աջակցությունից (18000 դրամն էլ կոչվում է աջակցություն…), կա՛մ դայակի օգնությամբ են երեխա մեծացնելու: Հարց է առաջանում, սակայն, հայ իրականության պայմաններում քանի՞ այդպիսի մայր կգտնվի, որը կնախընտրի օգտվել դայակի ծառայություններից: Եվ կամ մի՞թե բյուջե լցնելու (ենթադրելի է, որ այս ամենի նպատակը հենց դա է) շատ ավելի մարդասիրական եղանակ այդպես էլ հնարավոր չեղավ մոգոնել, որ հիմա փաստորեն մանկահասակ երեխաների ծնողներին կանգնեցնում են տհաճ փաստի առաջ: Կարծում ենք` շատ ավելի շիտակ կլիներ, եթե ազնվություն դրսևորվեր ու ուղղակի հայտարարվեր` վերացնում ենք 18000 դրամ նպաստն ու վերջ: Բայց ոչ, ըստ էության, նախընտրել են անել դա ավելի էսթետիկորեն, մի տեսակ եվրոպական ձևով…

Տեսնես որքանո՞վ է այս ամենը տեղավորվելու 4 մլն բնակչություն ունենալու ռազմավարական պլանի սահմաններում: Փոխարենը հավելյալ ստիմուլ ստեղծելու, սոցիալական աջակցություն ցուցաբերելու, Արտեմ Ասատրյանը ճիշտ հակառակի՞ն է ձեռնամուխ եղել, ի՞նչ է: Հավատացե՛ք` Հայաստանում շատ քիչ մայրեր են օգտվում դայակի ծառայություններից, ինչը նաև ազգային մենթալիտետի հարց է:

Կներե՛ք, իսկ Արտեմ Ասատրյանին հետաքրքրո՞ւմ է այդ ամենը. դե իհարկե ոչ…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ