Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի նոր «Ռիո մոլ»-ի բացումը, որից հետո պաշտոնյաները մասնակցեցին «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի կազմակերպած միջոցառմանը։ Այդ ժամանակ հայտարարվեց՝ «Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ առաջիկա տարիներին կիրականացնի մեկ միլիարդ դոլարի ներդրում։

Անդրադառնալով Հայաստանի էներգետիկայի ոլորտում կատարվող այս ներդրմանը՝ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատեց, որ Հայաստանի նման երկրի համար ամեն ներդրում կարևոր է, և մենք ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների ներդրողների խնդիր ունենք:

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գտնվելով շրջափակման մեջ՝ մենք նաև թույլ տնտեսություն ունենք և տեղին կլիներ, որ ներդրումները լինեին մանր և միջին արտադրությունների մեջ: Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտում ներդրումներ անելուն, ապա մեկ միլիարդ դոլարը այս ոլորտի համար մեծ գումար չէ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ դրսում ապրող հայ բիզնեսմենները ավելի մեծ ուշադրություն կդարձնեն արտադրության ոլորտին և ավելի շատ ներդրումներ կանեն Հայաստանի տնտեսության մեջ:

Քաղաքագետի կարծիքով՝ էներգետիկ ոլորտում արված ներդրումները տնտեսության առաջխաղացման վրա կազդեն միայն այն դեպքում, եթե այն բերի էլեկտրաէներգիայի գնի նվազման, ոչ թե հակառակը։ Իսկ եթե գինը նույնը պետք է մնա, այս պարագայում քաղաքագետը ոչ մի օգուտ չի տեսնում, այսինքն կունենանք էլեկտրոէներգիայի ավելցուկ, որը նույնիսկ չի սպառվում բնակչության կողմից։ 

Համբարյանի խոսքով՝ յուրաքանչյուր ներդրող նախևառաջ շահույթ է հետապնդում․ «Սամվել Կարապետյանը ներդրում է անելու այն ընկերության մեջ, որն իրեն է պատկանում և դա ՀԷՑ-ն է։ Սակայն, որքան էլ այդ ընկերությունը պատկանի նրան միևնույն է այն գտնվում է ՀՀ տարածքում և արված ներդրումը մնալու է այստեղ։ Սամվել Կարապետյանի պարագայում ես չեմ հավատում, որ նա այնքան անհեռատես է, որ անտրամաբանական ներդրումներ կանի և կտուժի»,- ասաց նա և ավելացրեց՝ հաշվի առնելով, որ Կարապետյանը սերտ կապեր ունի իշխանությունների հետ, նրանց միջոցով կարող է լավ պայմաններ կազմակերպել իր ընկերության համար և օգուտ ստանալ ներդրումից։

Քաղաքագետը նորմալ է համարում այն հանգամանքը, որ միջոցառմանը ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը․ «Սա առաջին դեպքը չէ, երբ որևէ աշխատատեղի բացման ժամանակ ներկա են լինում կամ նախագահը, կամ վարչապետը։ Ես կարծում եմ, եթե նրանց միջև խնդիրներ էլ լինեն, ապա դա շատ արագ կհարթվի անդրկուլիսյան բանակցություններով։ Բոլոր կողմերն էլ մեծահարուստներ են ու իրենց ձեռնտու չէ կոնֆլիկտները։ Բիզնեսմենները սիրում են «խաղաղություն» և, եթե գործ ունեն իրենց կշռին համարժեք գործընկերների հետ, ապա գերադասում են ամեն բան պահպանել կոռեկտության սահմաններում»։

Սոնա Հարությունյան