«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինծառայությունից ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ ուսանողների՝ արդեն երկրորդ շաբաթը շարունակվող դասադուլը ՀՀ իշխանությունների վերնախավին լուրջ մտահոգել է: Նախօրեին ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ԲՈՒՀ-երի ռեկտորների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել:

Նախարարը ռեկտորներից փորձել է պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում իր ղեկավարած ԲՈՒՀ-ում տիրող իրավիճակին եւ ինչ միջոցներ է ձեռնարկում դասադուլների մասսայականացումը կանխելու ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ ԿԳ դաշնակցական նախարարը ռեկտորներին հանձնարարել է, որ նրանք իրենց դասախոսներին հրահանգեն՝ ուսանողների բոլոր բացականերն արձանագրվեն, սակայն միեւնույն ժամանակ դասադուլավոր ուսանողների հեռացման հարց ոչ մի դեպքում չպետք է բարձրացնեն:

Վերը բերված լուրերի առնչությամբ ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ նախարար Լեւոն Մկրտչյանը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ռեկտորների հետ: «Ինչպես գիտեք` գործում է ռեկտորների խորհուրդը, որտեղ հաճախակի կրթության եւ հատկապես բարձրագույն կրթության բարեփոխումների շուրջ քննարկումներ են տեղի ունենում: Վերջին շրջանում նախարարը երեք անգամ ռեկտորների հետ խորհրդակցություն է անցկացրել բարձրագույն կրթության օրենքի նախագծի շուրջ` անդրադառնալով բարձրագույն կրթության տարբեր դրույթների»,- ասաց խոսնակը: Իսկ ինչ վերաբերում է դասադուլների հետ կապված ռեկտորներին հանձնարարականներ տալու խնդրին, ապա, ըստ Լուսինե Մարգարյանի, դա չի մտնում ՀՀ ԿԳ նախարարի գործառույթի մեջ»։

Առավել մանրամասն «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: