Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովի համար բնականոն քաղաքական գործընթաց է «Ծառուկյան» դաշինքի հարձակումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վրա. «Էդ ո՞վ ասաց, որ ԵԼՔ-ը կարա քննադատի, «Ծառուկյան» դաշինքը չի կարա:

Հարցին՝ արդյո՞ք այս սուր քննադատությունները փաստում են, որ Կառավարությունն իսկապես ձախողվել է, Շարմազանովը պատասխանեց. «Ես ձախողումներ էստեղ չեմ տեսնում, ես տեսնում եմ հաջողության միտումներ, որոնք երկարատև են»

Նա նշեց, որ իր համոզմունքը հետևյալն է, որ իրենք սատարում են Կարապետյանի կառավարությանը և կարծում են, որ այս քաղաքականությունը թե՛ բյուջե 2018-ի նախագիծը, թե՛ կառավարության քաղաքականությունը միտված է լուծել խնդիրները, որոնք կան մեր երկրում, իսկ որքանով են դրանք արդյունավետ, որքանով՝ ոչ, ցույց կտա ժամանակը։

Շարմազանովը նաև լրագրողներին խորհուրդ տվեց չզարմանալ Ծառուկյան-Կարապետյան բարիդրացիական հարաբերություններից՝ որպես օրինակ՝ բերելով իրեն. «Ես էլ ունեմ ընկերներ ընդդիմության դաշտում, որ մեկս մյուսին այս դահլիճում անխնա քննադատում ենք։ Մեկը մյուսի հետ կապ չունի: Եթե ընդդիմությունն ԱԺ-ում չքննադատի, բա որտե՞ղ պետք է դա անի»: