Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում 2018 թ.-ի բյուջեի նախագիծն է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախարարին հարցրեց՝ ինչպես է ստացվում, որ նպաստները, թոշակները, նվազագույն աշխատավարձը չեն ավելանում, իսկ  արտաքին պարտքը գնալով աճում է. «Դուք հիմա վերցնում եք այնքան պարտք, որքան վերցրել եք ձեր նկարագրած ցնցումային տարիներին: Սրան զուգահեռ՝ գներն աճում են: 2018թ.-ն այդ առումով ամենամեծ գնաճով տարին է լինելու՝ նախորդների համեմատ: Սա նշանակում է, որ աղքատներն ավելի են աղքատանալու»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ այս ամենին զուգընթաց՝ ավելացել են պետական աշխատողների պարգևավճարները:

Վարդան Արամյանը նկատեց, որ պատգամավորի նշած ծանր իրավիճակից դուրս գալու համար միայն թոշակ բարձրացնելը բավարար չէ, իսկ պատգամավորի դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, աղքատության մակարդակը չի հաջողվում կրճատել, Վարդան Արամյանը պատասխանեց. «Աղքատությունը 29,8 տոկոս է: Ի՞նչն է ազդել դրա վրա, օրինակ՝ տրանսֆերտների կտրուկ կրճատումը: Մենք օբյեկտիվ պատճառների հետ պետք է հաշվի նստենք: Աղքատության հաղթահարման լավագույն տարբերակն աշխատատեղ ստեղծելն ու գեներացնելն է»:

Նախարարը նշեց, որ նվազագյույն աշխատավարձն աճել է և բոլոր դեպքերում՝ պետք է խոսել ոչ թե աղքատության, այլ աղքատությունը ծնող պատճառների դեմ պայքարի մասին: 

ԱԺ ԵԼՔ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արարատ Միրզոյանն էլ հետաքրքվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ պետությունը քիչ է վճարում, օրինակ՝ բժշկին, փոխարենն՝ ամեն տարի մեծ գումար է հատկացնում սպորտի որոշ տեսակների զարգացմանը: 

Հարցին ի պատասխան՝ Արամյանը պարզապես նկատեց, որ պատգամավորի հասցեատերն ինքը չէ: 

Նշենք, որ Վարդան Արամյանին հարցախեղդ են անում նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները՝ շարունակելով Կառավարությունից պահանջել՝ բավարարել առևտրականների պահանջները: