ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսել է Հայաստանում ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան' այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը:

«Այդ կապակցությամբ նախարարությունը մշակել է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագիր, որով այլընտրանքային մոդել կազմակերպող հաստատությունը, ձևավորվելով որպես համայնքահեն հաստատություն, կդառնա ցածր արժողությամբ կրթական ծրագրեր իրականացնող կառույց այդպիսի հաստատություններ չունեցող բնակավայրերում»,- ասել է Հարությունյանը:

Ինչպես նշված է նախագծում, հանրապետության շատ համայնքներում դեռևս չկան նախադպրոցական կրթական ծառայություններ, և դրանց մատչելիությունը խիստ անհավասար է Հայաստանի տարբեր տարածաշրջաններում:

«Այս ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ»,- նշված է նախագծում:

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում բարելավելու վաղ մանկության ուսումնառության ծառայությունների մատչելիությունը: Բացի այդ, ծրագիրն առավել գնահատում է վաղ կրթության կարևորությունը հատկապես Հայաստանի Հանրապետության գյուղական և առավել խոցելի բնակավայրերում, որտեղ առկա չեն կամ սահմանափակ են նախադպրոցական ծառայությունները:

«Հաշվի առնելով ՀՀ-ում գործող մանկապարտեզների կազմակերպման ծախսերը և բարձր պահանջներն անհրաժեշտ էր մշակել նախադպրոցական ծառայությունների այլընտրանքային այնպիսի մոդելներ, որոնք մի կողմից կհամապատասխանեն փոքր և անապահով համայնքների ֆինանսական հնարավորություններին, իսկ մյուս կողմից՝ կբավարարեն որակյալ կրթություն ունենալու կարիքները»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Այլընտրանքային մոդելների կիրառումը փոքր գյուղերում հնարավորություն է տալու երեխաներին ավելի մոտ լինել իրենց տներին և մեծ տարածություն չանցնել՝ մանկապարտեզ հաճախելու համար, իսկ համայնքային իշխանությունները կաջակցեն մոդելին, քանզի դա հնարավորություն կտա համայնքի երեխաներին ապահովելու նախադպրոցական ծառայություններով՝ առանց ծախսեր կատարելու շենքային տարածքների և գույքի համար: