Ռուսաստանում մեկնարկող Հայաստանի օրերն այս անգամ աննախադեպ աշխարհագրական ընդգրկում են ունենալու: Այս մասին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը:

«Երկու երկրների նախագահները նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում պաշտոնապես կտան միջոցառումների մեկնարկը: Սակայն իրականում միջոցառումների շարքը սկսվել է շատ ավելի վաղուց՝ սեպտեմբերից: Մոսկվայում, Կալինինգրադում, Պետերբուրգում և այլ քաղաքներում տարբեր միջոցառումներ են անցկացվել»,- ընդգծեց Տողանյանը: Նա հայտնեց, որ այս միջոցառումների ժամանակ ներկայացնում են ոչ միայն երկրի մշակույթը, այլ նաև զբոսաշրջությունը, երկրի իմիջը:

«Պաշտոնական փակումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Պետերբուրգում, սակայն դա չի նշանակում, որ այդպիսով միջոցառումներն ավարտվելու են: Օրինակ, Մարտիրոս Սարյանի ցուցադրությունը Տրետյակովյան պատկերասրահում բաց կլինի մինչև 2018 թվականի հունվարի 15-ը: Այս անգամ միջոցառումները լայն ընդգրկվածություն ունեն, դրանք կկայանան Ռուսաստանի 45 սուբյեկտներում, ինչպես, օրինակ, Կրասնոդարում, Ռոստովի մարզում, Հյուսիսային Օսիայում, Սամարայում, Արխանգելսկում»,- ասաց ՌԴ-ում Հայաստանի դեսպանը:

Խոսելով ակնկալիքների մասին՝ Տողանյանն ընդգծեց, որ միջոցառումների նպատակը հայկական մշակույթը, երկիրը, տնտեսական հաջողությունները լայն լսարանին ներկայացնելն է, դրանք նորովի ցուցադրելը:

«Այս անգամվա շեշտադրումը նախորդ տարիներից տարբերվում է նրանով, որ այս տարի ավելի մեծ աշխարհագրական ընդգրկում ունենք: Բացի այդ, Հայաստանի օրերն անց են կացվում բարձր քաղաքական մակարդակով՝ ՀՀ Նախագահի այցի շրջանակում»,- նշեց Տողանյանը: