Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեցին հատկապես նորընտիր համայնքապետերը և նրանց հայտարարագրած ֆինանսական միջոցները: Մյուս կողմից՝ ոչ պակաս հետաքրքիր հետևություններ կարելի է անել՝ դիտարկելով ՀՀ «հավերժ» քաղաքապետերի հայտարարագրերը:
 
Նախ անդրադառնանք «հին գելերին»: Օրինակ՝ Կոտայքի մարզի Չարենցավանի «հավերժ» քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պարզվում է, բավականին ունեցվածք է հասցրել դիզել: Շահգալդյանի վերջին երկու հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս՝ ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել քաղաքապետի ֆինանսական դրությունը: Նախորդ հայտարարագրի «եկամուտներ» տողում, բացի քաղաքապետի 2 միլիոն 16 հազար դրամ աշխատավարձը, Շահգալդյանը հայտարարագրել էր 6 միլիոն 400 հազար դրամ շահաբաժին՝ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ից, եւ 13 միլիոն 350 հազար դրամ շահաբաժին՝ «Կար-Կոր» ՍՊԸ-ից: Հիշեցնենք՝ «Կար-Կոր»-ն այն գազալցակայանն է, որի հերթափոխի պետ Արտավազդ Ալեքսանյանին Շահգալդյանն առաջադրել էր որպես «կեղծ» թեկնածու, հետո Ալեքսանյանը ինքնաբացարկ էր հայտնել: Ըստ հայտարարագրի, քաղաքապետինն էր «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ի 100 տոկոս մասնաբաժինը, 50-ական տոկոս՝ «Կար-Կոր»-ում եւ «Ավտո Ռոդ»-ում, ինչպես նաեւ 20,9 տոկոս բաժնետոմս «Արմավտո» ԲԲԸ-ում:
 
Օրերս էլ ներկայացրած նոր պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ քաղաքապետն ունի երկու բնակարան, երեք ավտոտնակ, հասարակական նշանակության մեկ շինություն, 20 հատ հողամաս և երկու հատ «Hyundai Sonata 2.4», «Hyundai Sonata 2.5 L» մակնիշի ավտոմեքենաներ: Այսքանով դեռ չի ավարտվում Շահգալդյանի ունեցվածքը. նա երեք ընկերություններում ունի 22 մլն 580 հազար դրամի բաժնեմաս ու բաժնետոմս: Դրամական միջոցը կազմել է 42 մլն դրամ: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքապետի ամսական աշխատավարձը կազմում է 103 հազար դրամ, որն էլ նա որպես եկամուտ է հայտարարագրել: Բացի այս՝ նա ունի նաև մեկ ընկերությունից ստացած 3 մլն դրամի չափով շահաբաժին: Այսպիսով, կամ Շահգելդյանը լուրջ ֆինանսական կորուստներ է ունեցել հայտարարագրերի ներկայացման միջև ընկած ժամանակահատվածում՝ ինչը քիչ հավանական է, հաշվի առնելով վերջինիս տարիների ընթացքում կարծրացած բիզնես ջիղը, կամ էլ քաղաքապետը առանձնապես մեծ ցանկություն չի ունեցել հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել իր եկամուտների իրական պատկերի մասին:
 
Նորընտիր քաղաքապետերից առանձնացնենք սկանդալների կիզակետում հայտնված Առուշ Առուշանյանին: Գորիսի քաղաքապետը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե ունի արտադրական նշանակության մեկ շինություն, մեկ բնակարան եւ երկու հատ՝ «Volkswagen Phaeton 4.2», «BMW X6 5.01» մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ Առուշանյանի դրամական միջոցները կազմում են 312.5 մլն դրամ, 420 հազար դոլար եւ 122 հազար եվրո: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառության չափը կազմել է 86 մլն 860 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրված աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 520 հազար դրամ: Ինչպես ասում են՝ նրա մոտ ամեն ինչ դեռ առջևում է…
 
Ստելլա Խաչատրյան