«Ժամանակ» թերթը գրում է.

«Զինվորական ծառայության եւ զինվորի կարգավիճակի վերաբերյալ աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության առաջմղմանը, դրա թեժացրած հանրային-ուսանողական կրքերին զուգահեռ բավականին նկատելի թեժացրեց իր մարտավարությունը խորհրդարանական երկրորդ ուժը հանդիսացող «Ծառուկյան» դաշինքը, որը գործնականում «բացեց» զուգահեռ «թեժ գիծ»: Այն կրում է գերազանցապես տնտեսական բնույթ, եւ եթե զինծառայության մասին աղմկահարույց օրինագծի՝ արդեն խորհրդարանում ընդունված օրենքի հարցում թիրախը պաշտպանության նախարարն էր, ապա «Ծառուկյան» դաշինքի առաջացրած «թեժ զուգահեռ գծի» թիրախը կառավարությունն է կամ պարզապես դրա ղեկավար Կարեն Կարապետյանը:

Այդպիսով, որոշակիորեն ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքը ձեւավորեց զուգահեռ թիրախ եւ այդ իմաստով որոշակիորեն փորձեց «շեղել» հարվածը պաշտպանության նախարարից դեպի վարչապետ: Իհարկե ամենեւին հնարավոր չէ պնդել, թե հենց դա էր դաշինքի թեժացման, հռետորաբանության կոշտացման նպատակը, այսինքն՝ պաշտպանության նախարարից հարվածը շեղելը: Բայց այն, որ դաշինքի թիրախում Կարեն Կարապետյանի առկայությունը նպատակային է, պարզ է անգամ անզեն աչքով: Այստեղ սակայն շարժառիթային հիմքերը, իհարկե, բազմազան են եւ կապված են ընդհանուր ներքաղաքական եւ ներհամակարգային զարգացումների ու տրամաբանության հետ, որտեղ «Ծառուկյան» դաշինքն ակնհայտորեն փորձում է կամ գտնել իր տեղը, կամ ամրանալ իր տեղում, զգալով այսպես ասած գնացքից ուշանալու վտանգ:

Դաշինքի առաջացրած զուգահեռ թեժ գծի համատեքստում կա մի ուշագրավ հանգամանք, որը գուցե շարժառիթային հիմքերի շարքում է եւ արժանի է դիտարկման, արձանագրման: Համենայնդեպս, բավական հետաքրքիր է, որ «Ծառուկյան» դաշինքը կտրուկ կերպով կոշտացրեց իր հռետորաբանությունը կառավարության հանդեպ Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսել կատարած այցից հետո: Ծառուկյանը ԲՀԿ պատվիրակությամբ օրերս էր այցելել ԵՄ-ի դե ֆակտո մայրաքաղաք, հանդիպումներ ունենալով տարբեր քաղաքական-դիվանագիտական շրջանակների հետ: Ինչ քննարկումներ ու շեշտադրումներ են եղել Բրյուսելում, մանրամասներ պարզ չեն, սակայն խիստ ուշագրավ է, որ հենց այդ այցից հետո «Ծառուկյան» դաինքը Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական կյանքում այսպես ասած անցնում է կոշտ եւ կտրուկ հռետորաբանության: Արդյո՞ք դրա պատճառն այն է, որ Ծառուկյանը եվրոպական շրջանակներում արժանացել է լոկ բարձր անձնական, սակայն ոչ քաղաքական ընդունելության եւ ողջույնի, այսինքն՝ չի նշմարվել նրա հետ քաղաքական գործընկերության պատրաստակամություն, ինչից հետո էլ Ծառուկյանը Երեւան վերադառնալուն պես ձեռնամուխ է եղել մարտավարության, որի արդյունքում ակնկալում է փոխել վերաբերմունքը եվրոպացիների մոտ:

Այստեղ իհարկե բանը լոկ կարճաժամկետ խնդիրները կամ էֆեկտները չեն, բայց մեծ է հավանականությունը, որ Բրյուսել այցը ամենեւին երկրորդական նշանակություն չունի «Ծառուկյան» դաշինքի կտրուկ փոփոխության շարժառիթային հիմքում: Իսկ այդ ամենի հիմքում թերեւս նոյեմբերի 24-ին սպասվող Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն է, որի քաղաքական նշանակության կարեւորությունը կազմող առանցքաին բաղադրիչներից մեկն էլ այն է, որ դա գործնականում Հայաստանի քաղաքական համակարգի, այսպես ասած, վերափոխման գործընթացի ճանապարհային քարտեզ է, այն էլ հաստատված կամ համաձայնեցված Մոսկվայի հետ, եթե իհարկե վերջին պահին չլինի անկանխատեսելի որեւէ քայլ Ռուսաստանից:

Ըստ էության, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Հայաստանի կառավարման համակարգի, իշխող տնտեսա-քաղաքական համակարգի վերափոխման «ճանապարհային քարտեզն» է եւ Բրյուսել այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանն ըստ երեւույթին պարզել է, որ «քարտեզագիրները» իրեն չեն ներառել Հայաստանի ապագա քաղաքական «աշխարհագրության» մեջ: Այլ կերպ ասած՝ Բրյուսելը բարկացրել է Ծառուկյանին: Հետաքրքիր է միայն՝ Բրյուսելը կամա՞, թե՞ ակամա է բարկացրել Հայաստանի խորհրդարանի երկրորդ ուժը հանդիսացող դաշինքին: Նրան չեն ներառել, որովհետեւ չե՞ն դիտարկում վերափոխումների տրամաբանությանը համարժեք կենսունակությամբ ուժ, թե՞ չեն ներառել, որպեսզի խորհրդարանի երկրորդ ուժին մղեն որոշակի ակտիվ դիրքորոշումների եւ այդպիսով թեժացնեն գոնե ներհամակարգային մրցակցությունն ու համակարգն առավել արդյունավետ ու դինամիկ բերեն ինչ-որ քայլերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում