Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը, որի համաձայն՝ Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագրեր: Ըստ շրջանառվող լուրերի` ամենաշատ պայմանագրերը բաժին են ընկել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը, որը պատկանում է Լևոն Ալթունյանին:Ակնհայտ է, որ այստեղ նկատվում է շահերի բախում և հովանավորչություն, ինչն էլ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է իր մեջ պարունակում: Գաղտնիք չէ, որ Ալթունյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ձեռնամուխ եղավ պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուտի կայացմանը:

Ստացվում է՝ առողջապահության հիմնական բարեփոխումը, Ալթունյանի պատկերացմամբ՝ վերաբերվում է բուժման ֆինանսավորմանը, և որևէ աղերս չունի բուժսպասարկման որակի բարձրացման հետ: Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կհանդիսանա բնակչությունից գումար կորզելու մի նոր գործիք: Հետաքրքիր է՝ որևէ այլ երկրում նման բան հնարավո՞ր է: Որքան էլ «Ինգո Արմենիա»-ն համարվի շուկայի առաջատար խաղացող, այն միանշանակ շաղկապվում է նախարար Ալթունյանի անվան և բիզնեսի հետ, արդյո՞ք դա նրան չի մտահոգում: Թե՞ դեմքը պահելը հայկական իսթեբլիշմենթի համար այլևս առաջնային չէ, կարևորը բիզնես շահերն են: Այս տեսանկյունից՝ «Ինգո Արմենիա»-ն իհարկե շահած է դուրս գալու: Այդպիսի դառը փորձ ունեցել ենք: Այն ժամանակ էլ` 2012 թվականին, անօրինական քայլ արեցին, և հետևանքը եղավ այն, որ պետությունը, նախնական գնահատականներով, մոտավորապես 5 միլիարդ դրամի գերշահույթ ապահովեց մասնավոր ապահովագրական ընկերությունների համար, այդ թվում՝ պարոն Ալթունյանի կողմից ստեղծված և ղեկավարված ապահովագրական «Ինգո Արմենիա» ընկերության: Ակնհայտ է միտումը՝ ապահովագրական ընկերություններ ուղղել պետական ֆինանսական միջոցները: Թե ինչ նպատակով՝ դատեք ինքներդ…

 

Ստելլա Խաչատրյան