ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 20-ին Արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման:

«Մեզ համար այդ թեման միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից մեկն է, որովհետև այն կապված է ոչ թե պարզապես հարևանների, այլ ժողովուրդների հետ, որոնց հետ մեզ կապում է ոչ թե միջազգային իրավական փաստաթղթերի և պարտավորությունների ձևական կողմը, այլ կյանքը և ճակատագիրը: Մենք ընդհանուր կյանք, ճակատագիր ենք ունեցել ոչ միայն տասնամյակներ, այլև դարեր շարունակ: Այդ պատճառով մեզ համար Լեռնային Ղարաբաղի թեման առաջնահերթություն է»,- ասել է նա:

Զախարովան նաև մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է հետ կանչել իր համանախագահներին և դրա հետևանքով կփոխվի Մինսկի խմբի ձևաչափը: Նա նշել է, որ այդ հարցը հարկավոր է ուղղել ամերիկյան կողմին: