Ազգային ժողովը քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական պարտադիր ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կարծիքով՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը պետք է ներկայացներ Սփյուռքի նախարարությունը. 

«Այս նախագծով մենք գումար ենք հավաքագրո՞ւմ, թե՞ ուզում ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան: Նախ հարկավոր է հասկանալ սա: Կարող ենք պաթոսախեղդ արտահայտություններ անել, բայց ակնհայտ է, որ մեր հայրենակիցներին վերադարձնելու խնդիր ունենք: Կարծում եմ՝ սիմվոլիկ չէ, որ այս օրենքը Սփյուռքի նախարարությունն էր բերել և պետք է շարունակեր բերել Սփյուռքի նախարարությունը»,- ասաց Թանդիլյանը՝ մտահոգություն հայտնելով՝ եթե սա Պաշտպանության նախարարության և մի քանի պատգամավորների նախաձեռնությունն է, նշանակում է՝ շարունակություն չի ունենա և կդադարեցվի:

Զեկուցով հանդես եկավ նաև ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ զորակոչից խուսափելը հանցագործություն է, և եթե այդ մտադրությամբ են հեռացել, այդ գումարն ամենաօպտիմալն է. «500-ապատիկի չափով առաջարկվածը շատ մեծ էր, մենք հասկացանք։ Այդ մարդիկ սովորել, աշխատել են այդ տարիներին, դա մեծ գումար չէ, եթե օրենք են խախտել»,- նկատեց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին՝ քանի՞ հոգու դեմ է հարուցվել քրեական գործ զորակոչից խուսափելու համար, Աճեմյանը պատասխանեց, որ իրավասու չէ այդ հարցին պատասխանելու:

Զեյնալյանը նշեց նաև, որ մինչ օրս 8 մլրդ դրամ է գանձվել քրեական հետապնդումից ազատվելու համար, և հարցրեց, թե ինչպե՞ս են արդյոք ծախսվել այդ գումարները: Աճեմյանը պատասխանեց, որ այն ուղղվել է ՊՆ ռազմական կարիքներին:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով օրինագծին, նկատեց, որ առաջարկություն է եղել 500-ապատիկի չափով տուգանք, սակայն իրենք առաջարկությամբ են հանդես եկել, որ դա լինի 200-ապատիկ:  Նրա խոսքով՝ գաղտնիկ չէ, որ շատ ծնողներ երկրից հանում են իրենց երեխային՝ մինչև նրա 27 տարին լրանա. «Շատերը գնում են բանակ և երբեմն չեն վերադառնում, ես դիմում եմ ՊՆ նախարարությանը, փոխնախարարին՝ այս խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար, որպեսզի դաշտը լինի հավասար բոլորի համար»,- ասաց Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու առաջարկություններին, որով զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն է տրվում: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զինվորական զորակոչից տարկետման իր իրավունքը ձևակերպելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել ամսական նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափ գումար, այսինքն՝ 200 հազար դրամ՝ յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար։ Նախկինում այդ թիվը 100 հազար էր։