Առաջիկայում տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան և Ադրբեջան: Ինչպես հայտարարել է Լավրովը՝ այցելությունները նվիրված են Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանն, անդրադառնալով անցած տարիներին՝ նշեց, որ այս ընթացքում արձանագրվել են միայն կորուստներ, որոնք տարեցտարի ավելի ու ավելի են մեծացել. «Այս 25 տարվա ընթացքում գնալով ավելի վատ վիճակում ենք հայտնվել: Այսօր հայ-ռուսական հարաբերությունները միանշանակ չի կարելի գնահատել. եթե 20 տարի առաջ հանրության վերաբերմունքը մեծամասամբ դրական էր, այժմ հակառակն է: Դա պայմանվորված է մեր երկրի վարած քաղաքականությամբ և Ռուսաստանի վերաբերմունքով՝ դեպի Հայաստանը, Մերձավոր արևելքը, Հարավային Կովկասի տարածաշրջանը և այլն»,- ասաց նա:
Խոսելով քաղաքական գործիչների՝ պարբերաբար իրականացվող այցելությունների մասին՝ թե Հայաստան, թե Ռուսաստան ու Ադրբեջան՝ Սարոնյանը նկատեց, որ դրանց հիմքում հինականում Ղարաբաղյան խնդիրն է. «Բոլորի համար էլ պարզ է, որ Ռուսաստանը որոշակի շեշտադրումներ պետք է կատարի այդ հարցի շուրջ, և որոշակի քաղաքականություն է որդեգրել նոր իրավիճակի, զարգացումների հետ կապված: Հիմա այն հայկական կողմին ուղղորդելու խնդիր ունի», - ասաց նա` ավելացնելով, որ մեր դիվանագիտությունը, քաղաքականությունը տարիներ շարունակ ռուսական արտաքին քաղաքականության հետևորդն է:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին Մոսկվայում տեղի ունեցավ նաև Պուտին-Սարգսյան հանդիպումը։ Սակայն, քաղաքական վերլուծաբանի կարծիքով` որևէ էական բան տեղի չունեցավ, բացի այն, որ ՌԴ նախագահը հայ գործընկեր Սերժ Սարգսյանին վերադարձրեց Վրուբելի՝ 1995 թվականին առևանգված, հետո գտնված ու վերականգնված «Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» կտավը, որը Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի պատկերազարդման շարքից է։
Ըստ Սարոյանի՝ էականը Պուտին-Էրդողան հանդիպումն էր և դրա ժամանակ ձեռքբերված ինչ-ինչ պայմանավորվածությունները, որոնք գաղտնի են պահվում: Մյուս հանդիպումներն, ըստ նրա, այս քաղաքական գծի շարունակությունն են ընդամենը։
«Հայաստանն ինքնիշխան չէ և տանում է ընդամենը կցորդի դեր, որին կարող են կանչել և ասել՝ սա պետք է անես, նա պետք է անես: Ամեն տարի հայ-ռուսական հարաբերություններում խորանալու է անդունդը, որից դուրս գալու հնարավորություն՝ այսօր չկա: Սակայն այս ամենում Ռուսաստանը մեղավոր չէ, քանի որ անում է այն, ինչ պետք է անի և կանի ցանկացած ինքնիշխան պետություն»,- նշեց Սարոյանը՝ ընդգծելով, որ քաղաքական գործիչների այցելությունները զրոյական արդյունք ունեն մեր ազգային ու պետական խնդիրների համար, փոխարենը՝ մեծ արժեք ունեն Ռուսաստանի և Ադրբեջանի համար: Իսկ վերջինս չի կորցրել իր անկախությունը և անգամ Թուրքիայի հետ այնքան կապված չէ, որքան Հայաստանը՝ Ռուսաստանի հետ:
Նշենք նաև, որ բազմակողմանի այցելությունները շարունակվում են։ Վաղը՝ նոյեմբերի 17-ին էլ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։
Սոնա Հարությունյան