Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը նոյեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահ Խորխե Կառլոս Ռամիրես Մարինի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Մեքսիկա միջպետական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությանը: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին Հայաստանի և Մեքսիկայի օրենսդիր մարմինների միջև հաստատվել է ակտիվ երկխոսություն, որի արդյունքում ձևավորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության օրակարգ:

Դեսպան Այվազյանը բարձր գնահատեց Մեքսիկայի Պատգամավորների պալատում Հայաստանի հետ գործող բարեկամության խմբի պատվիրակության վերջերս Հայաստան և Արցախ կատարած այցը, որը նոր հեռանկարներ է ստեղծել տարբեր բնագավառներում փոխգործակցության խորացման համար:

Պատգամավորների պալատի նախագահը և Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ստորին պալատի նախագահն ընդգծեց, որ Մեքսիկան, որի սահմանադրությունում ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, որպես Հայաստանի բարեկամ երկիր աջակցում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպեց նաև Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի անդամներին, որոնց հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: