Գյուղատնտեսության նախարարությունում ոլորտի ղեկավարները` նախարար Իգնատի Առաքելյանի ղեկավարությամբ, քննարկել են Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, քննարկել են ԳՁՕ-ների օրենսդրական կարգավորմանը, կիրառմանը, անվտանգությանը, վերահսկողությանն առնչվող հարցեր: Նրանք կարծում են, որ Հայաստանում անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել տրանսգենային գյուղատնտեսություն վարելը, պարտադիր մակնշման պահանջ սահմանել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ սննդամթերքի համար, շեշտադրել օրգանական գյուղատնտեսության զարգացումը` որպես ռազմավարական ուղղություն:
 
Այստեղ առկա են մի շարք խնդիրներ: Պետք է հասկանալ, որ կամայական երկիր, որը որդեգրում է իր զարգացման ռազմավարությունը, պետք է ունենա 3 հիմնական խնդիր՝ բնապահպանական, որովհետև ԳՄՕ-ները վնասում են հենց շրջակա միջավայրին, գյուղատնտեսական, որովհետև, եթե երկիրը ցանկություն ունի զարգացնել օրգանիկ գյուղատնտեսություն կամ արժեքավորել իր ազգային մթերքները, և տվյալ երկրում զբաղվում են տրանսգենային մթերքների արտադրությամբ, որևէ մեկը չի կարող թույլ տալ, որ տվյալ գոտում արտադրվի արժեքավոր սննդամթերք, երրորդն՝ առողջապահական խնդիրն է: ԳՄՕ-ով գյուղատնտեսություն արգելված է Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանն օրեր առաջ ներկայացվեցին ամերիկյան Վալմոնթ և Մոնսանտո ընկերությունների գործունեությունը Հայաստանում։ Գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաներ առաջարկող ընկերությունների վերաբերյալ, սակայն կան բազմաթիվ մտահոգություններ։ Միայն բավական է նշել, որ այդ ընկերությունը վաղուց արդեն ներքաշված է հակասությունների մեջ։ Այս տարի նրանց լոբբիստներին արգելվել էր մուտք գործել Եվրոպական խորհրդարան, քանի որ նրանք մեղադրվում են դաշտը կարգավորող հետազոտությունների իրականացմանը միջամտելուն: Նրանք անգամ քարոզարշավ են սկսել գլիֆոստատի վերալիցենզավորման համար։ Գլիֆոստատը Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների պանելի կողմից համարվել է քաղցկեղածին։
 
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԳՄՕ-ի արտադրությունը շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության վրա։ Ստորև նշված են ռիսկերից և նկատառումներից մի քանիսը: Մոնսանտոյի կողմից արտադրվող ԳՄՕ պարունակող սերմերը վտանգում են կենսաբազմազանությանը, տեղական և օրգանիկ մշակաբույսերին, քանի որ խոշոր կորպորատիվների կողմից նման սերմերի մեծաքանակ արտադրությունը սպառնում է ոչնչացնել զանգվածային օգտագործման մշակաբույսերը, խոչընդոտում գենետիկական հետազոտությունների անցկացման, սերմերի խնայողության և ֆերմերների կողմից նոր սորտեր ստանալու գործընթացին: Այս ընկերության կողմից արտադրվող թունաքիմիկատների կիրառման արդյունքում առաջացել են գերդիմացկուն մոլախոտեր և վնասատուներ, որոնց ոչնչացման համար օգտագործվում են էլ ավելի թունավոր նյութեր: ԳՄՕ տեխնոլոգիաների երկարաժամկետ կիրառման անվտանգության մասին դեռևս հստակ տվյալներ չկան։ Հետևաբար, նախազգուշական սկզբունքների շրջանակն այն հիմնասյունն է, որով առաջնորդվելով, Հայաստանը կարող է որոշել գյուղատնտեսության հետագա զարգացման՝ իրեն հարմար ուղղությունները։ Հայաստանում այս ընկերության հավանական հայտնվելու լուրը բողոքի ալիք բարձրացրեց հատկապես սփյուռքում: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Twitter-ում հարցում էր անցկացրել, որում հնչում էր հետևյալ հարցը՝ «Արդյո՞ք Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պետք է խթանի @MonsantoCo-ի արտադրանքը Հայաստանի ֆերմերների համար» և հարցվածների 84 տոկոսը պատասխանել է՝ ոչ։
 
Անգամ այս ամենը քաջ գիտակցելով, գյուղատնտեսության նախարարությունն այսօր քայլեր է կատարում, որոնք միտված են ոչ թե ԳՄՕ–ն մեր գյուղատնտեսությունից դուրս մղելու, այլ փաստացի տրանսգենային գյուղատնտեսությանը իրավական կարգավիճակ տալուն: Իսկ ՀՀ քաղաքացիներին հարցրե՞լ են արդյոք՝ նրանք ցանկանո՞ւմ են գենետիկորեն ձևափոխված սնունդ օգտագործել, անգամ եթե դա կարգավորվի օրենսդրական դաշտում: Ընդ որում՝ ուշագրավ է, որ 2016 թվականի հուլիս ամսից Ռուսաստանում գործում է գենո-ինժեներա-մոդիֆիկացված բույսերի ու կենդանիների աճեցման ու բուծման արգելքի ֆեդերատիվ օրենք, բացառությամբ՝ գիտական աշխատանքների անցկացման: Հայաստանը, փաստորեն, իր իսկ քաղաքացիների առողջության հաշվին չի պատրաստվում դիմակայել մոնսանտովյան սերմերի օգնությամբ գյուղատնտեսական արտադրողականությունը բարձրացնելու հմայքին, հաշվի առնելով այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցության ֆոնին այս ճյուղը լավագույն արդյունքներն է ցուցադրում ու հանդիսանում է մրցունակ:
 
Ստելլա Խաչատրյան