Հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանը Հայաստանում արհամարհված է: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Աղասի Այվազյանի այրին` Գրետա Վերդիյանը՝ ընդգծելով, որ նրա արխիվն անմխիթար վիճակում է գտնվում:

Նա նշեց, որ նոյեմբերի 21-ին լրանում է Աղասի Այվազյանի մահվան 10-րդ տարելիցը, սակայն, մինչ այս չի հաջողվել բացել վերջինիս տուն-թանգարանը. «Հույս ունեի, որ մինչև տարելիցը կկարողանամ հասնել նպատակիս և բացել տուն-թանգարան։ Ամեն տեղ դիմել եմ, բայց ապարդյուն։ Նախագահից սկսած նամակ եմ գրել և որևէ պատասխան չեմ ստացել: 10 տարվա մեջ մարդ չի մնացել, որին չեմ դիմել: Միայն քաղաքապետարանից պատասխանեցին՝ ասելով, որ ազատ տարածք չկա»,- ասաց արվեստագետի այրին:

Տիկին Գրետայի խոսքով՝ նոյեմբերի 6-ին հանդիպել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, սակայն վերջինս ևս նշել է, որ տարածքի հարցը բարդ է, բայց կփորձի որևէ ելք գտնել․ «Մարդն այնքան զբաղված է, որ ելք չի կարողանում գտնել: Եթե պետությունը տարածք չունի, մնում է միայն Աղասու նկարները վաճառել, որպեսզի այդ գումարով ես ինքս տարածք գնեմ ու թանգարան ստեղծեմ, թեև դժվար է նույնիսկ գնորդ գտնելը: Ես կցանկանայի լինի մեկն, ով ամբողջ հավաքածուն միանգամից գնի»,- նշեց նա:

Տիկին Գրետային մտահոգում է այն, որ Հայաստանում չեն ճանաչում Աղասի Այվազյան արվեստագետին․ «Շատ լավ նկարներ ունի, պարզապես, Աղասու անունը հանված չէ որպես նկարիչ: Գիտեն միայն «Եռանկյունի»-ն ու վերջ, բայց  տեղյակ չեն, թե ի՞նչ մեծ արվեստագետ է Աղասին։ Գրեթե մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 5-ին, բացվեց Աղասի Այվազյանի կտավների ցուցադրությունը, սակայն, ամեն ինչ շատ լուռ անցավ: Գրքերն էլ շատ ափսոս են, սակայն, ոչ ոք չի ուզում գումար ծախսել, միայն նվեր են ուզում»։

Նրա կարծիքով՝ եթե որևէ օլիգարխ տեղեկանա այս մասին, ապա կօգնի և Աղասի Այվազյանը տուն-թանգարան կունենա։ 

Սոնա Հարությունյան