Օրերս տեղեկություն տարածվեց, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի նախագիծը պատրաստ է և այն դրական ձևակերպումներ է պարունակում ԼՂ խնդրի վերաբերյալ, սակայն, ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրեց, որ հենց ԼՂ խնդիրն առիթ է հանդիսացել, որ գագաթնաժողովի բանաձևի նախագիծը հայտնվի փակուղում:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը Բրյուսելից հաղորդել է. «Երեկ Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին:

Եվրամիության անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք, ակնհայտորեն, հակասում են միմյանց: Ըստ էության` հռչակագիրը պատրաստ է, և միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ:

Հայաստանի արտգործնախարարությունն էլ, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարում է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, ուստի չեն կարող մանրամասներ հաղորդել:

Ո՞ւմ հետ է բանակցում Հայաստանը, եթե որպես այդպիսին Բրյուսելի առաջարկած կոմպրոմիսային տարբերակը մերժվում է: Այդ տարբերակը ենթադրում է առանց այս կամ այն խնդիրը հասցեական նշելու, կոչ  անել ակտիվացնել ջանքերը հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: Հայաստանը այս առաջարկը չի ընդունում, և, ըստ մեր ԱԳՆ-ի, շարունակում է բանակցությունները: Եթե այդ բանակցությունները ընթանում են ՀՀ և Ադրբեջանի միջև, ապա ակնհայտ է՝ առանց միջնորդների այստեղ հարցը գլուխ չի գա: Իսկ երկու երկրների միջև լավագույն միջնորդական փորձը անխոս Կրեմլինն է: Որքան էլ զարմանալի չհնչի, սակայն Մոսկվան այսօր ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում թիվ մեկ շահագրգռված կողմն է, իհարկե՝ Հայաստանից հետո: Բանն այն է, որ ի տարբերություն նախորդ համաձայնագրի, նորը իր մեջ չի պարունակում տնտեսական հարցերին վերաբերվող բաղադրիչ, ասել է թե՝ Մոսկվան այստեղ իր համար խուցեր և ռիսկեր չի տեսնում: Իսկ համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանը կարող է կոմունիկացիոն խողովակ դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, հատկապես, որ լարված հարաբերությունների ֆոնին նման խողովակները և հնարավորությունները Կրեմլի համար գնալով նվազում են:

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է համագործակցել Եվրամիության հետ ոչ միայն երկկողմ, այլև ԵՏՄ ֆորմատով:

Եթե հաջորդ շաբաթ Հայաստանը Բրյուսելում ստորագրի համաձայնագիրը, այն կլինի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ առաջին երկիրը, որը շրջանակային համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ: Եվ ահա այս ժամանակահատվածում, երբ  ի հայտ է եկել փաստաթղթի ստորագրմանը խոչընդոտող առարկայական հանգամանք, նախատեսվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան և Ադրբեջան, ընդ որում՝ Հռչակագրի ստորագրումից ընդհամենը մեկ օր առաջ, ինչը, իհարկե, պատահականություն չես համարի: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը հուշում է, որ Լավրովի այցի օրակարգը ներառելու է  երկրների միջեւ համագործակցության լայն համալիր:

Շատերը պնդում են, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը Հայաստան նպատակ է հետապնդում քննարկել Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները, սակայն համաձայնեք՝  վերջին շրջանում այս հարցում ակտիվացում կամ շարժ չի նկատվել, չի գրանցվել իրավիճակի կտրուկ փոփոխություն և այդպիսի փոփոխություն առնվազն մինչև 2018 թվական սպասելն իսկ անհեռատեստություն է:

Եթե անգամ Լավրովի այցի օրակարգում լինի հակամարտության կարգավորման հեռանկարը, նրա գլխավոր առաքելությունն է լինելու «հաշտեցնել» Երևանին և Բաքվին հենց Արևելյան գործընկերության հռչակագրի շուրջ առաջացած սկանդալից, հետևաբար, նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման տապալումից խուսափելու համար:

Կարելի է ենթադրել, որ Լավրովը Երևանին կհորդորի ընդունել ԵՄ կոմպրոմիսային տարբերակը, իսկ Բաքվից՝ գուցե ավելի կոշտ տոնով կպահանջի չգնալ այնպիսի սադրանքի, որը այս պահին հարվածում է նաև ՌԴ շահերին: