Երբ ժամանակ առ ժամանակ ուսումնասիրում ես հայրենի չինովնիկների, պատգամավորների և այլ ազդեցիկների ունեցվածքի մասին պատմող հայտարարագրերը, ակամա այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հասարակության մեջ հարուստի համբավ հանած այդ այրերը ժամանակի հետ միայն աղքատանում են, կորցնում իրենց նյութական հզորությունն ու քիչ-քիչ սկսում նմանվել հասարակներիս:

Ահավասիկ՝ պարզվում է` Տավուշի մարզի ղեկավար Հովիկ Աբովյանի գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում. 2016թ-ի նրա պաշտոնական հայտարարագրից պարզ է դառնում, որ ժամանակը միայն ի վնաս նրա է աշխատում ու խժռում մարդու ֆինանսները: Եթե մարզպետը 2 տարի առաջ ունեցել է 26 մլն դրամ ու գրեթե 100 հազ դոլար, ապա մեկ տարի անց՝ նրա դրամական միջոցները կազմել են 24.5 մլն դրամ և 92 հազար դոլար: Ավելին` պարզվում է՝ մարզպետի միակ իրական եկամուտը նրա չոր ռոճիկն է` մոտ կես միլիոն դրամի հասնող: Սակայն այստեղ հետաքրքրականն այն է, որ մարզպետի ունեզրկման չարագույժ միտումներին զուգահեռ՝ կարծես լավացել են նրա տիկնոջ գործերը: Դիցուք` մամուլից տեղեկանում ենք, որ Աննա Ազատյանը, եկամուտ չունենալով հանդերձ, հայտարարագրել է 90 մլն դրամի և 372 հազար 500 եվրոյի չափով դրամական միջոց: Հարց` որտեղի՞ց տիկին Ազատյանին այդքան գումար մի պարագայում, երբ նա, փաստորեն, զուրկ է մշտական եկամտից. կռահեցիք չէ՞ այս չափազանց բարդ հարցադրման պատասխանը…

Իրականում, ուրախալի կլիներ, եթե այս անբնական պատկերը հատուկ լիներ բացառապես Տավուշի մարզպետին: Փաստ է, սակայն, որ նա ընդամենը մեկն է այն բազմաթիվներից, որոնց ներկայացրած պաշտոնական հայտարարագրերը, պատասխաններ տալու փոխարեն՝ միայն առաջ են բերում նորանոր հարցեր, որոնք բացահայտում են այս հայտարարագրերի իրական էությունն ու փաստում դրանց անիմաստությունը: Ո՞րն է չինովնիկներից կամ պատգամավորներից հայտարարագրեր պահանջելու իմաստը, երբ դրանք վաղուց դարձել են սովորակա ձևականություն ու ոչինչ չեն նշանակում, չեն բացահայտում, չեն համոզում: Եթե կա իրական ցանկություն` պայքարելու կոռուպցիայի դեմ, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե կյանքի կոչվեին ավելի գործուն մեխանիզմներ, քան այս մեկն է: Հակառակ պարագայում՝ ստացվում է` խեղճ չինովնիկներն այնքան անօգնական են դառնում, որ շուտով կարիք է զգացվելու ազգովի փող «քցվելու» (ասենք մարդա մի 500 դրամ) ու նրանց գոնե հացուջրի փող հասցնելու:

Չկասկածեք` մի օր դրա ժամանակն էլ կգա. հրաշքների երկիր ենք, չէ՞, ի վերջո…