ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ակտիվ աշխատանքը եւ դերակատարումը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ԱՊՀ ՄԽՎ-ում երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցության կարեւորությանը: Նրա գնահատմամբ՝ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է առավել ակտիվ ու հետեւողական լինի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը միջազգային հարթակներում համակարգելու հարցում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը եւ այդ առնչությամբ կներկայացվեն ցեղասպանություն երեւույթը դատապարտող մի շարք նախաձեռնություններ:

«Առանց անցյալի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման հնարավոր չէ կանխարգելել նոր ցեղասպանությունները: Մենք պետք է դատապարտենք ցեղասպանական քաղաքականության, ֆաշիզմի ու նացիզմի ցանկացած դրսեւորում: Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը» -ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: