Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլի ինստիտուտին՝ որպես քաղաքական պայքարի գործիք: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ հացադուլ սկսելու որոշումը, նշեց, որ եթե որևէ մեկը ինչ-որ պահանջով հացադուլ է սկսում, պետք է հաշվի առնի այդ քայլի լրջությունը: «Եթե օրինակ, որևէ հացադուլավորի պահանջը ի վերջո չի կատարվում, ի՞նչ է անելու, դադարեցնելո՞ւ է հացադուլը»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այլ հարց է, երբ հացադուլ է հայտարարվում որոշակի ժամկետով: «Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի ուշադիր լինենք հացադուլ երևույթի նկատմամբ՝ որպես քաղաքական պայքարի գործիք: Եթե որևէ մեկը հայտարարում է, որ անժամկետ հացադուլ է սկսում ու դուրս չի գալու հացադուլից, մինչև իր պահանջները չկատարվեն, սակայն որոշ ժամանակ անց ստիպված դուրս է գալիս, դա նշանակում է անլուրջ վերաբերմունք՝ թե ինքն իր, թե հացադուլի նկատմամբ»,- մանրամասնեց Փաշինյանը:

Պատգամավորը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր հացադուլ սկսելու մասին են հայտարարում, շատ լուրջ քննարկեն՝ պատրաստ են իրենք նման պայքարի, թե ընդամենը երեք օրից կամ 10 օրից դադարեցնելու են:

ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հայտարարել է, որ հացադուլ է սկսել: Նա ցանկանում է սահմանադրական նոր փոփոխություններ նախաձեռնել: