Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել ԿԸՀ-ի շենքի դիմաց: Պարույր Հայրիկյանն արդեն ասել է, որ իրենք նախատեսում են ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից իրենց բացասական պատասխան են տվել։ Այսօր նա նոր դիմում ներկայացրեց ԿԸՀ:

Պարույր Հայրիկյանը նաև իր խոստումը կատարեց՝ ԿԸՀ-ի գրադարանին նվիրելով «Ժողովրդավարության բանաձևը և կատարյալ ժողովրդավարությունը»«Պետությունների ժողովրդավարականության բանաձևը» և մի շարք այլ գրքեր:

Դիտարկմանը՝ սա՞ էր անակնկալը, Հայրիկյանը պատասխանեց.

«Խոստացված անկանկալը մատուցվեց, սրանից մեծ անակնկալ ե՞ք տեսել»,- ընդգծեց Հայրիկյանը: 

Պարույր Հայրիկյանը նշեց, որ դիմումով պահանջում է իրեն տրամադրել համապատասխան տեղեկատվություն, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ 2000 ստորագրողներն ինչ տվյալներ պետք է տան` անուն, անձնագրի տվյալնե՞ր, թե՞ նաև բնակության հասցեն է պետք:

Հիշեցնենք՝ Պարույր Հայրիկյանը, հիմք ընդունելով նոր Սահմանադրության 202-րդ հոդվածը, ստորագրահավաքի միջոցով սահմանադրության մեջ նոր փոփոխություններ իրականացնելու հանրաքվե անցկացնելու համար դիմել էր ԿԸՀ, որը, սակայն, մերժվել էր: Նա ԿԸՀ-ից պահանջում է ձևաթուղթ տրամադրել, որպեսզի ստորագրահավաք կարողանա սկսել: 

Հայրիկյանը պնդում է՝ քաղաքացիները սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իրավունք ունեն: