2018-ի բյուջեն մի տեսակ անհասկանալի ստացվեց. հատկացումները` հասարակական այնպիսի կարևորագույն նշանակության ոլորտներին, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը, առողջապահությունն ու սոցիալական ապահովության ոլորտը, բավարար չափով չեղան, հավելյալ միջոցներ այս ոլորտների համար, ըստ էության, չգտնվեց ու դատելով ասենք նույն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքերից` դժվար էլ երբևիցե (գոնե տեսանելի ապագայում) պետության կողմից կարևորվի այս ոլորտների պատշաճ ֆինասնավորումը:

Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որն այլ կերպ, քան պարզ աբսուրդ չանվանել հնարավոր չէ. մարդը հայտարարել է, թե կրթության, գիտության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում հաջորդ տարվա բյուջետային հատկացումների նվազումը չի ազդելու մատուցվող ծառայությունների քանակի ու որակի վրա: Ասել կուզի` քիչ փողը ոչ մի բացասական ազդեցություն չի ունենալու այս ոլորտների զարգացման վրա: Ինչպե՞ս: Շատ պարզ. աշխատավոր մարդկանց քանակը շարունակելու են կրճատել: Ահա թե ինչ ուղի է առաջարկել Մինասյանը աղքատիկ հատկացումների պարագայում թռիչքաձև զարգացում ունենալու համար: Ավելին` եթե նույնիսկ մի հրաշքով տնտեությունը սկսի աճել, ասենք տարեկան 5%-ի չափով, դա էլ հիմք չի լինելու որոշ ոլորտների ֆինանսավորումն ավելացնելու համար:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն ստացվում է այն, որ Մինասյանը փորձում է հասարակությանը հոգեբանորեն նախապատրաստել մասսայական կրճատումների նոր ու հուժկու ալիքի` ալիքի, որը, շարունակական է լինելու ու պատճառ է դառնալու աղքատության խորացման: Թքա՛ծ, թե այդ «ինովացիոն» մոտեցման արդյունքում քանիսն են ստիպված լինելու հրաժեշտ տալ իրենց աշխատանքին, թքա՛ծ, թե կրճատումների հետևանքով քանի փորձառու մասնագետ է զրկվելու հասարակությանն ու պետությանը որակյալ ծառայություններ տրամադրելու հնարավորոթյունից ու առավել ևս թքա՛ծ այն բանի վրա, թե այս ամենի արդյունքում ևս քանիսը կլքեն հայրենի եզերքը: Փաստորեն` Հայաստանի զարգացման ստրատեգիական ծրագրի էությունը կայանում է նրանում, որ որքան հնարավոր է քիչ մարդ աշխատանք ունենա սեփական եկրում, քիչ մարդ սեփական ապագան տեսնի հայրենքում ու քչերը կարողանան խուսափել պանդուխտ դառնալու դաժան վտանգից…

Տեսնես այդ կրճատվողների մեջ Մինասյանն իրեն ներառո՞ւմ է, թե՞ ոչ:Դե իհարկե նա դրա հավանականությունն ի սկզբանե բացառելու արդյոնքում է, որ Հայաստանի համար նման լուսավոր կանխատեսմամբ է հանդես գալիս ու այն էլ հանգիստ խղճով:

Զարմանալի չէ…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ