«Սասնա ծռեր»-ի գործով դատավոր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը դիմում է գրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ խնդրելով՝ իրեն մինչև 2018թ. փետրվարի 19-ը ներառյալ՝ հանել գործերի բաշխման ցանկից: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի դիմումը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշել է նրա դիմումը բավարարել»,- ասվում է որոշման մեջ:

Նշենք՝ որոշումն ուժի մեջ է մտել 2017 թ.-ի նոյեմբերի 17-ից:

Հավելենք՝ նա միակ դատավորը չէ, ով նման դիմում է գրում: Վերջին շրջանում մի շարք դատավորներ ևս դիմումներ են ներկայացրել՝ պատճառաբանելով, որ դատական գործերը շատ են և իրենք չեն հասցնում քննել դրանք:  2017 թվականի ընթացքում նա 11-րդ դատավորն է, ով դիմում է ներկայացրել: