Հայաստանում վերջին օրերին հավկիթի գները գրեթե կրկնապատկվել են: Սրա մասին կարող է վկայել ցանկացած մեկն, ով հաճախ է առևտուր անում սննդամթերքի խանութներից. գները սկսել են տատանվել 90-100 դրամի սահմաններում: Իսկ որպես ստեղծված անհասկանալի վիճակի ու խայտառակ պատկերի պատճառաբանություն բերվում է հավկիթների շուկայում ստեղծված դեֆիցիտային իրավիճակը. Հայաստանում հավի ձուն սպառվել է այն պարագայում, երբ ինչպես տեղեկանում ենք համապատասխն վիճակագրական տվյալներից, վերջին 10 ամիսներին տնտեսական ընդհանուր աճը նույն ժամանակահատվածի հետ համեմատած կազմել է մոտ 7 %, ինչը, եթե հավատալու լինենք վիճակագիրներին, վատ ցուցանիշ չէ:Հարց` ինչպե՞ս կարող է տնտեսությունը ռեալ աճ գրանցել, իսկ դրա մի սեկտորի` գյուղատնտեսության աճը տասնյակ տոկոսներ կազմել այն պարագայում, երբ հասարակ հավի ձուն դարձել է կոկորդիլոսի ձվի պես մի բան` վերածվելով անհասանելի ուտեստի:

Այս իրավիճակի պատճառն իրականում շատ պարզ է. պետության կողմից արվում է ամեն բան` Հայաստանը դրսի շուկաներից կախյալ վիճակի մեջ դնելու համար: Ոչ մի էական աջակցություն տեղի արտադրողները պետությունից չեն ստանում, դեռ մի բան էլ միանգամայն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում նրանց համար,ովքեր փորձում են գոնե ձվի հարցում Հայաստանը դարձնել ինքնաբավ: Հայաստանին նստեցրել են ներկրման ասեղի վրա ու ոչ մի կերպ չեն փորձում վերանայել այդ քաղաքականությունը, որի արդյունքում կրճատվում են աշխատատեղեր, արտահոսում է կապիտալն ու ուժգնանում արտագաղթը: Լա՛վ, ձուն ի՞նչ է, որ դրա շուկայում էլ պետք է ժամանակ առ ժամանակ դեֆիցիտ առաջանա, ի՞նչ է, անանաս է, թե՞ ասետրինա…

Հետո էլ թվանկարչության միջոցով ոմանք փորձում են ժողովրդին համոզել,թե բարգավաճում ենք,իսկ երկնիշ տնտեսական աճն էլ բնավ ֆանտազիա չէ: Պարզ է, չէ՞, որ ոչ ոք հիմար չէ այս երկրում` հավատալու նման հեքիաթներին: Տնտեսական աճ կարող է լինել միայն այն պարագայում,եթե աճում է տեղական արտադրությունն ու գոնե բավարարվում է տեղական պահանջարկը: Ներմուծման աճը, հարգելինե՛րս, դեռևս տնտեսական աճ չէ, այլ ճիշտ հակառակը` սպառնում է տնտեսական աղետի վերածվել ժողովրդի գլխին:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ