Նոյեմբերի 21-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ավագանու բոլոր նորընտիր 15 անդամները: Նիստի ընթացքում համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ներկայացրեց օրակարգում ընդգրկված 12 հարցերը՝ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի, քաղաքի բյուջեի, գյուղապետարանների թվի կրճատման, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատման վերաբերյալ: Բոլոր հարցերն ընդունվեցին: Ընդունվեցին, բայց ինչպե՞ս: Օրակարգային կարևորագույն հարցերը հաստատվեցին նախանձելի միաձայնության մթնոլորտում: Սիսիանի ավագանու անդամներից ոչ մեկը ցանկությաւն չհայտնեց ավելի մանրամասն ծանոթանալ քննարկվող հարցերին, կամ առաջարկություններ ներկայացնել օրակարգում առկա կետերի շուրջ:
 
Որքան էլ ցավալի է, նման պատկերն արդեն սովորական է դարձել: Ավագանին, որն օրենքով սահմանված հստակ գործառույթներ ունի, վերածվել է Ճ կլասի հավաքատեղիի, որտեղ թեժ քաղաքական բանավեճերի փոխարեն ժողովրդին հրամցվում են քրեական բառապաշարը և ռազբորկաները: Լավագուն դեպքում՝ օրակարգային հարցերը քննարկվում են «ոտքի վրա» և մակերեսային լուծումներ ստանում: Քաղաքացիներն էլ շարունակում են ապրել իրենց խնդիրներով: Միևնույն ժամանակ ստեղծված վիճակում նրանք էլ ունեն իրենց մեղավորությունը: Սիսիանի բնակիչները ընտրել են մի ավագանի, որը կարող է հինգ րոպեում «ջրել» քաղաքի առանցքային հարցրերի շուրջ քննարկումը, աշակերտների պես ձեռք բարցրացնելով կողմ քվեարկել և որոշումներ ընդունել՝ առանց խորանալու՝ դա սիսիանցու շահերի՞ց է բխում, թե՞ ոչ: Փոխարենն այս ավագանին կարող է անզուսպ քեֆ-ուրախություն կազմակերպել՝ նշելով շատ սիրելի քաղաքապետի ծննդյան օրը, այն էլ ինչպե՜ս նշել՝ հոբելյարի լուսանկարով շապիկներով և կոնյակով: Ի դեպ՝ քեֆ-ուրախությունը կազմակերպվել էր համայնքի բյուջեի, ասել է թե՝ շարքային սիսիանցու գրպանի հաշվին:
 
Սիսիան քաղաքում այսօր բնակվում է 14,8 հազար բնակիչ, ընդամենը տաս տարի առաջ բնակչության թիվն այստեղ հասնում էր 35 հազարի: Ահռելի չափերի հասնող արտագաղթը, փաստորեն, դաս չի եղել սիսիանցիների համար: Գուցե խաբվել են Արթուր Սարգսյանի՝ երիտասարդ, «լավ տղայի» կերպարով, մտածելով, որ վերջինիս իր բիզնեսները լիովին բավարար են և բյուջեն նրան չի հետաքրքրելու:Արդյունքում ունեն անձի պաշտամունք քարոզող քաղաքապետ-բդեշխ, կամազուրկ և կամակատար ավագանի և մակերեսային, անլուրջ վերաբերմունք Սիսիանի և սիսիանցիների խնդիրներին:
 
Ի դեպ՝ նման գործելաոճը կարծես թե սովորական է Սիսիանի քաղաքապետարանի համար: Եթե հիշենք, օրինակ, այն դեպքը, երբ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն էր կազմակերպել, որին մասնակցելու հայտ են ներկայացրել ընդամենը երկու քաղաք` Էջմիածինը և Սիսիանը: Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է մոտ 80 էջանոց միջոցառումների համալիր ծրագիր երիտասարդության և բնակչության համար: Սիսիանի քաղաքապետարանը ներկայացրել է ընդամենը 8 էջանոց ծրագիր: Այս օրինակը բավական է՝ հասկանալու համար Սիսիանի քաղաքապետարանի ողջ պոտենցիալը, իսկ ավելի ճիշտ՝ դրա իսպառ բացակայությունը:
 
Ստելլա Խաչատրյան