Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների առաջնորդները և կառավարությունների ղեկավարները, ԵԺԿ-ում ներգրավված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահները՝ Դոնալդ Տուսկը, Ժան-Կլոդ Յունկերը և Անտոնիո Տայանին կմասնակցեն Եվրոպական ժողովրդական կուսակցության ԱլԳ առաջնորդների հանդիպմանը, որը կմեկնարկի ժամեր անց Բրյուսելում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԺԿ մամուլի ծառայությունից, օրակարգում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստումն է: ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը կհյուրընկալի առաջնորդների հանդիպումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ևս նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնում է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:

Նոյեմբերի 23-ի հանդիպմանը կմասնակցեն նաև ԵՄ անդամ Ֆրանսիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Լիտվայի, Լատվիայի, Հունգարիայի ներկայացուցիչները:

ԵԺԿ փոխնախագահ, ԵՄ Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և ԵԺԿ փոխնախագահներ Քինգա Գալը և Դարա Մըրֆին ևս կմասնակցեն միջոցառմանը: