Կառավարության նոյեմբերի 23-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իրավական ակտերի նախագծերի կարգավորման գործընթացին. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներկայացնելու, հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,-ասաց նա՝  գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարելով  գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում՝ ներկայացնել հստակ հիմնավորումներ:

Վարչապետը նշեց, որ պետք է մեկամսյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի 2018 թվականի տարեկան գործողությունների շրջանակում կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն՝ հաշվի առնելով կառավարության կողմից հաստատված միջոցառումները:

Կարապետյանը գործադիրի ղեկավարներին հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել ՀՀ թվային օրակարգին վերաբերող հարցերին, հակառակ պարագայում՝ ունի բոլորովին այլ տպավորություն. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամն ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ: Քանի որ պատվիրատուն մենք ենք, ստեղծել ենք մի օղակ, որը պետք է բոլոր այդ ռիսկերը գնահատի, համապատասխան վերլուծություն տա և մենք որոշենք՝ ճիշտ ուղղությամբ ենք գնում, թե՝ ոչ», - ասաց նա: