Հայ կինը միշտ էլ ավանդապաշտ է եղել ու ընտանիքում գլխավորն է եղել միայն երեխաներին դաստիարակելու ու մեծացնելու գործում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայ կնոջ կերպարի մասին իր կարծիքը հայտնեց «Անհետ կորած ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, «Արաբո» ջոկատի անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը: Նա նշեց, որ հայոց մայրերը ուղարկեցին իրենց երեխաներին ռազմի դաշտ՝ պաշտպանելու հայրենիքը:

«Մենք արեցինք անհնարինը. մեծացնելով մեր երեխաներին ուղարկեցինք Արցախն ազատագրելու»,- ասաց նա:

«Զեյթուն» ջոկատի անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը նշեց, որ հայ կինը երեխաների լավ դաստիրակության հիմքն է: Նա հավաստիացրեց, որ ավելի քան 30 տարի աշխատելով որպես մանկավարժ, միշտ երեխաների մեջ հայրենասիրություն է սերմանել:

«Այդպես էլ դաստիարակել եմ իմ երեք որդիներին ու հատկապես Վրեժիս: Նա 18 տարեկան էր, երբ սկսվեց շարժումը: Առաջին հերթին իմ տղան գնաց ու մասնակցեց Շահումյանի ու մի շարք տարածաշրջանների պաշտպանությանը: Անցավ երկու տարի, բայց ոչ մի լուր չունեինք տղայիցս, ես վստահ էի, որ Շահումյանում իմ ծնողների հետ էր, Շուշիի ազատագրումից հետո եկավ մի տասը օրով տուն ու հետո էլի կամավոր գնաց Մարտակերտն ազատագրելու: Գնաց ու ճակատագիրը մնաց անհայտ»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքն հպարտանում է իր Վրեժով և մյուս վրեժներով:

Սամարա Գրիգորյանն ընդգծեց, որ եթե նորից պատերազմ սկսվի ինքը առաջին շարքերում է լինելու:

«Արաբո» ջոկատի անհայտ կորած ազատամարտիկի կին Ալվարդ Սահակյանը, ով երեխաներին մեծացրել է առանց ամուսնու, նշեց որ կյանքի ընթացքում շատ խնդիրների հետ է բախվել, բայց կարողացել է երեխաներին իրենց նպատակին հասցնել:

«Առանց մայրերի մենք՝ կանայք, ոչինչ անել չէինք կարող, նրանք ավելի պինդ եղան և նրանց նայելով մենք շատ բան հաղթահարեցինք»,- ասաց նա: