Երևանի քաղաքապետի կարգադրությամբ 100 հազարական դրամ պարգևատրում են ստացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության 7 աշխատակիցներ՝ պետից մինչև գործավար: Միայն թե անհասկանալի է՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու իր աշխատակիցները ո՞ր արժանիքի և ձեռքբերումների համար են արժանացել 100 հազարական դրամի, եթե մայրաքաղաքի տրանսպորտը շարունակում է մնալ խայտառակ վիճակում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե քանի տարի է Նավասարդյանը զբաղեցնում այս պաշտոնը, քանի տարի է «ակտիվ» աշխատում ի փառս մայրաքաղաքի, ընդ որում՝ այդ «ակտիվությունը» միշտ չէ, որ սահմանափակվել է աշխատասենյակով: Երևանցիները շատ լավ հիշում են Նավասարդյանի և նրա որդու լկտի պահվածքը հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ժամանակ: Ի դեպ՝ այդ օրերին Նավասարդյանը քաղաքապետարանի ամենաակտիվ պաշտոնյան էր, ով ամեն ինչ անում էր քաղաքացիական բողոքը լռեցնելու եւ ակցիաները խափանելու համար: Գուցե այն պարզ պատճառով, որ մի գծատեր էլ ինքն է:

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հանդիսանում է տեղական մասշտաբի միկրոօլիգարխ, ով տզրուկի պես կպել է տրանսպորտի ոլորտին ու խմում է դրա արյունը: Անհասկանալի է նաև քաղաքապետարանի շարժառիթն այս հարցում, քանի որ հենց ինքը՝ քաղաքապետն է բազմիցս իր դժգոհությունը հայտնել՝ Երևանի տրանսպորտային ցանցի վիճակը գնահատելով ոչ բավարար: Ստացվում է՝ մեր երկրում չինովնիկներին պարգևատրում են վատ աշխատելու համար: Տրանսպորտի հարցը Երևանի համար շատ վաղուց արդեն հարց չէ, այլ լրջագույն պրոբլեմ: Պրոբլեմ, որն այլևս առնչվում է երկրի անվտանգության հետ: Աշխարհի խոշոր մեգապոլիսների ընդամենը մի փոքր թաղամասի չափ բնակչություն ունեցող Երևանում ուղևորափոխադրումն իրականացվում է հախուռն կերպով` մակերեսորեն մշակված երթուղիներով, խառնիճաղանջ, քաղաքային ուղևորափոխադրումների համար չնախատեսված տրանսպորտային միջոցներով: Ինչի է դա հանգեցնում: Քաղաք, որտեղ չի աշխատում քիմիական ու ծանր արդյունաբերական ոչ մի մեծ ձեռնարկություն, էկոլոգիայի վիճակը տխուր է: Բայց սրանք խնդիրներ են, որոնք երբեք էլ Նավասարդյանին չեն մտահոգել, հակառակ դեպքում՝ արդեն իսկ լուծված կլինեին: Եթե հաշվի առնենք փաստը, որ պարգևատրման որոշումը կայացվել է հունիսին, կարելի է ենթադրել՝ այսպես Նավասարդյանից շնորհակալություն են հայտնել ոչ թե արդյունավետ աշխատանքի, այլ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին աշխատելու համար:

 

Ստելլա Խաչատրյան