ՈՉ ՄԻ ՇԱԲԱԹ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ 2018 ընտրանի–օրագիրը, պահպանելով 2017 թվականի նույնանուն ժողովածուի սկզբունքները, ներկայացնում է 52 բանաստեղծություն տարվա շաբաթների թվին համապատասխան: Ընտրանիում ներառված ամենից վաղ թվագրվող բանաստեղծությունը Սմբատ Շահազիզի «Երազն» է (1864 թ.), իսկ ժամանակագրորեն վերջինը' Վահագն Աթաբեկյանի «Voca Me»–ն (2017 թ.):

 

«Ընտրանիների ստեղծման նպատակը մեր շաբաթը, օրը և պահը պոեզիայով լցնելն է:

 

Նախորդ՝ 2017 թվականի ընտրանին ներկայացնում էր անկախության 25 տարիների պոեզիայի նմուշներ: Այս ժողովածուի հիմնական նպատակը մնում է նույնը՝ որակյալ, ժամանակի փորձությունը բռնած պոեզիայի ներկայացումը, իսկ մասնավոր նպատակն է ցույց տալ հայ բանաստեղծության զարգացման ընթացքը 19-րդ դարի 2-րդ կեսից մինչև մեր օրերը՝ ներառելով արևմտահայ, արևելահայ, խորհրդահայ, սփյուռքահայ և ժամանակակից պոեզիա: Դասական հեղինակների կողքին ներկայացված են խորհրդային շրջանի անհայտ ու մոռացված անուններ»,— ասում է գրականագետ, ժողովածուի կազմող և խմբագիր Հայկ Համբարձումյանը:
Ժամանակագրական մեծ ընդգրկումը ընթերցողին հնարավորություն է տալիս հետևելու հայ պոեզիայի զարգացմանը արևմտահայ–սփյուռքահայ, արևելահայ–խորհրդահայ և հետանկախության գրական–մշակութային իրականություններում, վերստին ընթերցելու արևմտահայ ու արևելահայ դասական հեղինակների ստեղծագործությունները, վերհիշելու խորհրդահայ պոեզիայի այսօր արդեն մոռացվող անուններ, ժամանակին սիրված, նույնիսկ երգերի վերածված գործեր, նաև բացահայտելու անհայտ հեղինակների և ստեղծագործություններ: Այս տեսանկյունից ընտրանին հնարավորություն է տալիս վերարժևորելու հայ պոեզիան, նաև ստուգելու նախկին տպավորություններն ու զգացողությունները:

 

Շնորհանդեսի ընթացքում նախատեսվում է հանդիպում ժամանակակից հայ բանաստեղծների հետ:

 

Միջոցառման հասցեն՝ ՀՀ ԱԳՆ նախկին շենք, Հանրապետության հրապարակ