Ամեն տարի կազմակերպվող հեռուստամարաթոնների վերաբերյալ կարծիքները բազմազան են, հաճախ միմյանց հակառակ: Ոմանք նմանատիպ միջոցառումները համարում են հայության միասնական ուժը մեկտեղելու հաջողված միջոց, ոմանք էլ ոչ մի հույս չեն կապում նմանատիպ բաների հետ' համոզված լինելով, որ դրանք այն գործիքակազմերը չեն, որոնք կարող են լիարժեք արդյունք տալ, իսկապես ծառայել նպատակին:
Այս տարի ևս, ինչպես հայտնի է, նոյեմբերի 23-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոնը, որն այս տարի կրում է «Բերքառատ Արցախ» խորագիրը։ Հավաքված միջոցներն ուղղվելու են երկու ուղղությամբ' Արցախում խորքային հորերի հորատմանն, նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև արևային էներգիայի կայանների տեղադրմանը Ասկերանի շրջանում և Շուշիում։
Իհարկե, խրախուսելի է մարդկանց ջանքերը' հավելյալ միջոցներ հավաքելու ու այն ուղղելու համապատասխան ուղղությամբ, սակայն հարցերը, որոնք առաջ են գալիս այս ամենի հետ կապված, ոչ մի կերպ չի կարելի անտեսել: Նախ' պետք է ամրագրել, որ հեռուստամարաթոնի միջոցով հավաքագրված գումարներն երբեք աչքի չեն ընկել իրենց ծավալներով: Ասել կուզի' հայկական սփյուռքի ներուժն ու ֆինանսական հզորությունը անհամեմատ ավելին են, քան առաջին հայացքից կարող է թվալ, երբ մտովի փորձում ես ամփոփել այն արդյունքները, որոնք սովորաբար գրանցվում են նմանատիպ միջոցառումների ժամանակ: Տեղյակ լինելով աշխարհում հայկական կապիտալի իրական ծավալներից (մոտ քառորդ տրիլիոն դոլար)' ցանկացած մեկը կարող է իրեն հարց տալ' ինչո՞ւ, այնուամենայնիվ, հավաքագրվող գումարներն այնքան էլ տպավորիչ ծավալներ չեն ունենում ու սահմանափակվում են ամենից հաճախ մի քանի միլիոնի սահմաններում: Ի՞նչ է, սփյուռքահայերն են պակաս հայրենասեր դարձել, թե՞ աղքատացել են:
Իրականում պատասխանելու համար այս հարցին հարկավոր է մի բան նկատի ունենալ. այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նկատվում է յուրատեսակ անդունդ, անվստահության մի խորխորատ է առաջացել, որն առաջ է եկել հայաստանյան իրականության հետևանքով: Խնդիրը ոչ թե Սփյուռքի սառնասրտությունն է, այլ' չեղած վստահությունը. ցավոք, մեծագույն խնդիր է մնում փողի տնօրինման արդյունավետության հարցը Հայաստանում, ու դրսի հայը չունի վստահություն, թե ինչպես կտնօրինվեն այն փողերը, որոնք հավաքագրվում են: Դրանք կփոշիացվե՞ն, թե՞ իրենց նպատակին կծառայեն: Հայաստանն իր անկախացումից ի վեր տարբեր խողովակների միջոցով ստացել է ավելի քան 10 մլրդ դոլար գումար, ու եթե այդ գումարների գոնե 50%-ը բանեցվեին ըստ նշանակության, ապա այսօր մենք որակապես այլ եկրում կապրենիք: Սփյուռքին նախևառաջ հստակ երաշխիքներ են հարկավոր, որոնք նրանք չունեն, ինչի արդյունքում էլ ունենում ենք այն, ինչ ունենում ենք ամեն տարի…
Մնում է ուղղակի հուսալ, որ ժամանակի ընթացքում Հայաստանին կհաջողվի վստահություն ձեռք բերել Սփյուռքում ու շարքային սփյուռքահային ապացուցել, որ նրա նվիրաբերած ամեն մի լուման ծախսվում է ըստ նպատակի. սա է ելքն այս անդունդից:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ