2018 թվականի հունվարի մեկից հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերած քաղաքացիների համար կգործի եկամտահարկի վերադարձման նոր կարգ: Ըստ այդմ՝ 55 մլն դրամը գերազանցող արժեքով բնակարաններ ձեռք բերող քաղաքացիները, չեն կարողանա օգտվել եկամտահարկից հիպոթեքային վարկի տոկոսների մարման հնարավորությունից, փոխարենն այդ արտոնությունը կտրվի ոչ հարուստ և միջին խավի այն ներկայացուցիչներին, ովքեր հիպոթեքային վարկով բնակարան կգնեն: 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը եկամտահարկի վերադարձման նոր կարգը դրական քայլ որակեց։

«Բնակարանի ձեռքբերման առումով սա էականորեն դրական քայլ է, քանի որ առանց այն էլ տոկոսադրույքների բարձր լինելու պայմաններում մենք հանդիպում ենք մեծ դժվարությունների: Հիփոթեքային վարկերի տրամադրումը, որը ենթադրում է եկամտահարկից պահում, հնարավորություն է տալիս ավելի մատչելի պայմաններ նրանց, ովքեր բնակարանի կարիք ունեն»,- ասաց տնտեսագետը:

Սակայն պետք է նշենք, որ արտոնության սահմանափակումը չի տարածվի այն քաղաքացիների վրա, ովքեր արդեն իրենց անունով ունեն մեկ անշարժ գույք։ 

Բոստանջյանը նկատեց՝ լավ կլիներ, եթե օրենքն ունենար հետադարձ ուժ, բայց նման բան չի կարող լինել․ «Մեր օրենքներն այլևս հետադարձ ուժ չունեն: Միջազգային չափանիշներով ու ստանդարտներով խաղի կանոնները մինչև նոր օրենքի ընդունվելը մնում են անփոփոխ: Բոլոր իրավական փաստաթղթերի առումով կոպիտ սխալ կլինի, եթե օրենքի կարգավորումը շուռ գա նախորդ պայմանագրի վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երկար ժամանակ է հետադարձ ուժ չի տրվել որևէ օրենքով:

Հավելենք նաև, որ դեռևս Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ, 2015 թ.-ից գործող օրենքով Կառավարությունը փորձեց լուծել երկու կարևոր խնդիր՝ օգնել բնակչությանն առավել մատչելի պայմաններով լուծելու բնակարանային ապահովվածության խնդիրն ու զարկ տալ շինարարության ոլորտի զարգացմանը:
 
Ինչպես է ազդել օրենքի ընդունումը շինարարության ոլորտի վրա այս տարիների ընթացքում՝ հարցին ի պատասխան Բոստանջյանն ասաց․ «Այս տարիների ընթացքում տնտեսությունը կամ շինարարությունը կտրուկ թափ չեն ստացել: Այն ավելի ցցուն կարտահայտվի այն ժամանակ, երբ եկամուտները բարձրացվի, իսկ այսօր եկամուտների բևեռացվածության պայմաններում բնակչության ճնշող մեծամասնությունն ունի եկամտային սուղ պայմաններ։ Որքան էլ գրավիչ է գործարքը հիպոթեքային վարկավորման դաշտում հայտնված մարդկանց համար, այդուհանդերձ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ցածր եկամուտների պայմաններում նրանց թիվը մեծ չէ»,- ընդգծեց Բոստանջյանը:
 
 
Սոնա Հարությունյան