Քաղաքագետ Արա Պապյանի համոզմամբ՝ թեև նոյեմբերի 24-ին, Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն է և նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար, սակայն ամեն ինչ կախված է այն քաղաքական կամքից և հետևողականությունից, որը կդրսևորեն իշխանությունները․ «Մեր իշխանությունները բազմաթիվ համաձայնագրեր ունեն ստորագրած և պարտավորություններ ունեն ստանձնած միջազգային կոնվենցիաներով, որոնք կամ չեն իրականացվում, կամ ոտնահարվում են»,- ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ ավելացնելով, թե ինչ չափով և ձևով կօգտագործվի այս հնարավորությունը պարզ կլինի ապագայում։

Հիշեցնելով դեռևս 2013 թվականին Հայաստանի կողմից չստորագրված ԵՄ փաստաթուղթը, որի ժամանակ սակայն  հայտարարվեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը, Պապյանը նշեց․ «Մինչ համաձայնագրի ստորագրումը փորձ էր արվում այն ներկայացնել չստորագրված փաստաթղթին համարժեք, բայց սա ուրիշ է։ Նախկինով մենք որոշակի կառուցվածքային կապ էինք հաստատելու Եվրոպայի հետ՝ դառնալով ասոցացման անդամ, իսկ այս մեկը համագործակցության համաձայնագիր է․ սրանք որակապես տարբեր բաներ են։

Նախկին համաձայնգրի հետ գալիս էր մոտ 5 միլիարդ դոլարի ներդրումներով փաթեթ, իսկ այս դեպքում ոչինչ չի գալիս, փոխարենը սա հնարավորությունների ցանկ է»,- ասաց նա՝ ավելացնելով՝ թեև շեշտված չէ տնտեսական մասը, սակայն սրանից կարելի է օգտվել ինչ-որ բանի հասնելու համար։

Խոսելով մինչ համաձայնագրի ստորագրումը եղած վատատեսության մասին քաղաքագետը նշեց՝ աչքը տեսածից է վախենում․ «Նախորդ համաձայնագրի պարագայում մենք 4 տարի բանակցել էինք և մի գիշերա մեջ հրաժարվել փաստաթղթերից։ Նոյեմբերի19-ին Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ, երբ որևէ արտառոց բան տեղի չունեցավ, ակնհայտ էր, որ ստորագրվելու էր, թեև ոչինչ պետք չէր բացառել։ Մենք ինքնիշխան երկիր ենք և ստորագրում ենք միջազգային իրավունքի փաստաթուղթ, բայց բոլորիս մտքի մեջ կա ինչ-որ երրորդ երկիր։ Այն հարցը՝ արդյոք Ռուսաստանը առարկություն չի՞ ունենա կամ խնդիրներ չի՞ առաջնի, ինքնին ցույց է տալիս, որ ընդունում ենք մեզ վրա երրորդ երկրի ազդեցությունը։

Ռուսաստանը համաձայնագրի ստորագրումը կարող է ճիշտ օգտագործել և փոխարենը մեզ վրա ցեխ լցնելու և քարկոծելու, իսկ նման միտում կարծես թե կա, կարող է փորձել ԵԱՏՄ-ն գայթակղիչ դարձնել մյուսների համար՝ ցույց տալով, որ անդամակցությունը եվրասիական կառույցին չի սահմանափակում համագործակցության հնարավորությունները նաև այլ կառույցների, մասնավորպես, ԵՄ-ի հետ։ Տեսնենք՝ Ռուսաստանը որքան խելամիտ ձևով քարոզչություն կիրականացնի»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը հնարավորություն կտա հակակշռելու ռուսական ազդեցությունը։ 

Լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանը միակ պետությունն է, որ շրջանակային համաձայնագիր է ստորագրում ԵՄ-ի հետ, հաշվի առնելով այս հանգամանքը քաղաքագետը նկատում է՝ անընդունելի և անհասկանալի կլիներ, եթե Հայաստանը միաժամանակ երկու կառույցների անդամ լիներ, բայց կան նախադեպեր, երբ մի կառույցի անդամը մյուս կառույցների հետ համագործակցության պայմանագիր է ստորագրում․ «Սա առաջին դեպքն է առայժմ և դա շատ լավ է։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, բայց միևնույն ժամանակ համագործակցության համաձայնագիր ունենք ՆԱՏՕ-ի հետ, այնպես որ նման բազմաթիվ դեպքեր կան, սակայն ԵՄ-ի առումով Հայաստանն իսկապես բացառիկ է»,- հավելեց Պապյանը։

Սոնա Հարությունյան