Հայաստանյան առաջատար մասնագետները նշում են, որ արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացությունը վերջերս Հայաստանում երիտասարդացման միտում ունի: Հիվանդացության պատկերն այնպիսին է, որ իսկապես կա պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման անհրաժեշտություն: Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացութունը Հայաստանում հիմնականում հանդիպում է միջին տարիքի մարդկանց շրջանում: Սակայն վերջերս առաջատար մասնագետները նշում են, որ կա հիվանդացության երիտասարդացման միտում: Ներկայում հիվանդները հիմնականում 24-30 տարեկան են` նախկին  35-55 տարեկանների փոխարեն»,-ասաց Գայանե Սահակյանն ու հավելեց` հիվանդացությունն այնպիսին է, որ կա պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների կարիք:

Նրա խոսքով` 99 տոկոսով ապացուցված է, որ պապիլոմա վիրուսն է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառը: Կան քաղցկեղի այլ տեսակներ, որոնց համար ևս պատասխանատու է պապիլոմա վիրուսը: Բերանըմպանի քաղցկեղի պատճառը մոտ 36 տոկոսով նույն վիրուսն է:

2015-ի վերջին Հայաստանում եղել է արգանդի պարանոցի քաղցկեղով հաշվառված 2990 հիվանդ, 2016-ին` 3030: Նախորդ տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ  ունենք արգանդի պարանոցի քաղցկեղով հաշվառված տարեկան միջինը 3000 հիվանդ: 2015-ին ունեցել ենք 257,  2016-ին 243  առաջին անգամ արգանդի պարանոցի քաղցկեղով հայտնաբերված հիվանդ: «Հայաստանը եվրոպական տարածաշրջանում արգանդի պարանոցի քաղցկեղով բարձր հիվանդացություն և մահացություն ունեցող երկրների շարքին է պատկանում»,-նշեց Սահակյանը: