Նոյեմբերի 23-ին կայացավ «Բերքառատ Արցախը»-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։

Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որն ուղղվելու է Արցախում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև Արցախում տեղակայվելու են նաև արևային էներգետիկ կայաններ։ 

Հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուների ցանկում ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի՝ հայտնվեցին 
Սամվել Կարապետյանը-2.250.000,  Սամվել Ալեքսանյանը- 200.000,  Վարդանյանների ընտանիքը-125.000,Վահե Կարապետյանը- 60.000 ԱՄՆ դոլար նվիրաբերությամբ: 

Թե ինչու նվիրատուների շարքում չի հայտնվում մի քանի միլիարդ դոլարի կարողություն ունեցող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց ճշտել էքս նախագահի գրասենյակից: 

Մեզ հետ զրույցում գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ 2008 թվականից սկսած՝ ամեն տարի, ՀՀ երկրորդ նախագահն իր անձնական ներդրումն է ունենում հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին և արցախաշինությանը. «2008 թվականից ամեն տարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմնադրամին է փոխանցում իրեն հատկացվող՝ նոյեմբեր ամսվա աշխատավարձը: Իսկ թե ինչու նրա անունը չի հայտնվում նվիրատուների ցանկում, երկրորդական է, կարևորն այստեղ պաշտոնաթող նախագահի մասնակցությունն է հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոններին»:  

Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահները պաշտոնաթողությունից հետո շարունակում են աշխատավարձ ստանալ:

«Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք պաշտոնանկ են արվում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է հատուկ թոշակ` Հայաստանի Հանրապետության գործող Նախագահի աշխատավարձի, համապատասխանաբար, 75 և 60 տոկոսի չափերով»:

Եթե ընդունենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը կազմում է 1 մլն 320 հազար դրամ, ապա ՀՀ երկրորդ նախագահի թոշակը, փաստորեն, կազմում է 924 հազար դրամ, և, փաստորեն, հենց այսքան գումար է փոխանցում Ռոբերտ Քոչարյանը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոններին։

Աղավնի Սուքիասյան