Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կառավարությունն առաջնահերթ պետք է խթանի ներքին ներդրումները' այդպիսով նպաստելով օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների ավելացմանը: Ազգային ժողովում ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները տարեցտարի նվազել են: Տնտեսագետը նաև կոչ արեց առկա բոլոր խնդիրները չվերագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը' ընդգծելով, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: «Կարծում եմ, որ մենք չափից շատ ենք տուրք տալիս օտարերկրյա ուղղակի ներդրումներին: Ես հիմա հարց եմ ուզում տալ բոլորին: Ինչո՞ւ ենք մենք մոռանում, որ պետք է անենք ներքին ներդրումներ: Ինչի՞ համար ենք մենք մոռանում ներքին ներդրումների մասին: Ինչո՞ւ օտարերկրացին պետք է գա Հայաստան, ներդրումներ անի, իսկ մենք էլ մեր տնտեսությանը չվստահենք և ոչ մի ներդրում չանենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է լուրջ քննարկումներ ունենանք, թե Հայաստանի կառավարությունը ե՞րբ պիտի թիրախավորի ներքին ներդրումները և այնպես անի, որ օտարերկրացին տեսնի գրավիչ դաշտը և ինքն էլ միանա: Ես կարծում եմ, որ այստեղից է պետք սկսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա:

Տնտեսագետն ընդգծեց, որ մեր երկրում առկա շատ խնդիրներ, որոնք կապվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ, այնքան էլ դրա հետ առնչություն չունեն: Մանասերյանը նշեց, թե ինքը շատ ուրախ է, որ Հայաստանը արդյունավետ համագործակցություն է հաստատել բոլոր կենտրոնների հետ: Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը Հայաստանի համար ավելի լայն հնարավորություններ կբացի:

Մանասերյանը հերքեց որոշ պնդումներ այն մասին, թե ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագիրը Հայաստանին պարտադրում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից: «Ես ուշադիր ընթերցել եմ տնտեսական մասը և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ նման դրույթ չկա: Եվրասիական տնտեսական միության անդամ 4 երկրներ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են, Եվրոպական Միության անդամ բոլոր երկրներն են այդ կազմակերպության անդամ: Այս պարագայում չեն կարող լինել օբյեկտիվ տարակարծություն կամ իրար հակասող դրույթներ, երբ բոլորը նույն միջազգային կառույցի անդամ են, ընդ որում' կառույցի, որն իր խաղի կանոնները պարտադրելու առումով բացառիկ է' եթե չեն ընդունում այդ կանոնները, պետք է դուրս գան: Եվ լավ է, որ Մոսկվան և Բրյուսելը եկան այդ համաձայնությանը»,- մանրամասնեց Թաթուլ Մանասերյանը:

Անդրադառնալով ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը' Թաթուլ Մանասերյանը նշեց, որ պետք է նախ հասկանալ, թե ինչ է ստանալու և ինչ վիճակում է Հայաստանը հայտնվելու, երբ լքի Եվրասիական տնտեսական միությունը: «Հայաստանը ունի իր առանձնահատկությունները և պետք չէ ասել, թե ինչ կատարվում է Ռուսաստանում, նույնը նաև Հայաստանում է կատարվում: Մեզ 2014 թ. տնտեսական անկում էին գուժում, որը տեղի չունեցավ, նույնը՝ նաև 2015 թ., բայց դա էլ տեղի չունեցավ, որովհետև Հայաստանը, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ, ունի իր առանձնահատկությունները: Եվ հայտնի չէ, թե ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե նա չլիներ Եվրասիական տնտեսական միության անդամ: Սա և՛ գազի գնին է վերաբերվում, և՛ մնացած այլ հարցերին:

Տնտեսագետն առաջարկում է ձևավորել ազգային օրակարգ, որը հնարավորություն կընձեռի ճիշտ օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս է Եվրասիական տնտեսական միությունը: Նրա խոսքով' որևէ միություն չի կարող օգտակար լինել երկրի համար, եթե մենք այդ ուղղությամբ չաշխատենք:

Մանասերյանը նաև չհերքեց, որ ԵԱՏՄ-ում առկա են լուրջ խնդիրներ և թերություններ, որոնք լուծման կարիք ունեն, սակայն հավելեց, որ ոչ մի միություն չի կարող այդքան արագ կայանալ և միանգամից լուծել բոլոր խնդիրները: