Նոր Սահմանադրության ընդունումից հետո բազմաթիվ օրենքներում փոփոխություններ իրականացնելու խնդիր է առաջացել, առաջնահերթ օրենքների շարքում նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումն է: Նոր Սահմանադրությամբ Վերահսկիչ պալատն այսուհետ վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատ: Ի դեպ, «հաշվեքննում» բառը միջազգային «աուդիտ» բառի հայերեն թարգմանությունն է: Խորհրդարանի Հանրապետական խմբակցության անդամ երեք պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը եւ Սամվել Նիկոյանը ներկայացրել են «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծ։ Սակայն այստեղ ուշագրավ է հետևյալը: Համաձայն Սերժ Սարգսյանի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրի, օրենքի նախագիծը պետք է մշակեր և ԱԺ ներկայացներ Արդարադատության նախարարությունը: Ինչպես երևում է՝ ներիշխանական պայքարի հետևանքով՝ ՀՀԿ կուլիսներում ամեն բան իրար է խառնվել, այլ կերպ հնարավոր չէ բացատրել՝ ինչպես Սահակյան-Մինասյան-Նիկոյան եռյակը, խախտելով նախագահի հրամանագիրը, իր ձեռքը վերցրեց օրենքի նախագծի մշակումը:

Գագիկ Մինասյան-Սամվել Նիկոյան պատգամավորական զույգն անուղղակի պատերազմի մեջ է վերահսկիչ պալատի հետ: Ու հարմար պահի, իրենց ձեռքը վերցնելով «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքը հեղինակելու նախաձեռնությունը, նրանք փորձել են հնարավորինս սահմանափակել այս կառույցի լիազորություններն ու անկախությունը: Դժվար է ասել՝ դա իրենց սեփական նախաձեռնությունն է, թե՝ պատվեր վերևից, սակայն ակնհայտ է, որ այս պատգամավորները անթաքույց և հիվանդագին շահագրգռվածություն ունեն օրենքի նախագծի հանդեպ: Ընդ որում, նախագիծն արդեն իսկ հաստատվել է կառավարության կողմից, սակայն՝ լուրջ վերապահումներով, ակնհայտ կերպով բարձրացնելով պատգամավորների թերացումները և սխալները: Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավորները հաշվեքննիչ պալատին ցանկացել են ընդամենը տեղեկատվություն ներկայացնողի գործառույթ տալ՝ «մոռանալով» խոսել հաշվեքննություն իրականացնելու լիազորությունների մասին: Դժվար չէ կռահել, որ նման պատահականությունը պարզունակ բացթողում չէր: Բացթողումն այս պարագայում կարելի է վերագրել ԱԺ իրավաբանական եւ տնտեսագիտական վարչություններին, որոնք անհասկանալի կերպով ուսումնասիրել և հավանություն են տվել օրենքի նախագծին՝ այս տեսքով, չնկատելով կառավարության կողմից մատնանշած բացթողումները:

Ստելլա Խաչատրյան