Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Փաստաբան Ավետիս Քալաշյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բաբայանի և մյուսների գործով դատավճռից հետո հայտարարեց, որ իր պաշտպանյալի դատավճիռը մասամբ էր սպասելի:

Նրա  կարծիքով, նման դատավճիռ կայացնելու մեջ միտում կար. «Հետագայում եթե համաներում լինի՝  չի տարածվի Սամվել Բաբայանի վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն անպայման բողոքարկելու է և անհրաժեշտության դեպքում հասնելու են մինչև ՄԻԵԴ:

«Եթե ի սկզբանե Սամվել Բաբայանին նման մեղադրանք էին առաջադրել, ուրեմն, իմ կարծիքով, պետք է կայացվեր մեղադրական դատավճիռ: Ինչ վերաբերում է պատժաչափին, ապա եթե դատարանը գտել էր, որ Բաբայանը մեղավոր է իրեն մեղսագրված արարքներում, ապա, իմ կարծիքով, շատ խիստ պատժաչափ սահմանեց», - ասաց Քալաշյանը:

Հնարավո՞ր է Բաբայանը ներման խնդրագիր ներկայացնի նախագահին, հարցին ի պաատասխան՝ փաստաբանն ասաց, որ ներման մասին առայժմ որևէ պլան չունեն, պետք է բողոքարկվի դատական ակտը. «Բոլոր այն հնարավորությունները, որ ունենք այս դատական ակտը բեկանելու ու արդարության հասնելու, օգտագործելու ենք: Ներումը միայն այն դեպքում կլինի, երբ բոլոր իրավական հնարավորությունները սպառվեն»,- նշեց փաստաբանը: